Մարզերի առողջապահության պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված հերթական խորհրդակցության առանցքում գրիպի եւ սուր շնչառական վարակների վերաբերյալ իրավիճակի գնահատումն էր:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին գրիպով եւ սուր շնչառական վարակներով պայմանավորված դեպքերը, դիմելիությունը, անդրադարձ կատարվեց նաեւ ծանր հիվանդների վարման եւ բուժման գործընթացին: Բարդ դեպքերի վերլուծության եւ բուժման ընթացքը քննարկելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը խորհրդակցությանը ներկա առաջատար ռեանիմատոլոգներին հանձնարարեց մշտապես պահպանել կապը մարզային գործընկերների հետ:

ՀՀ ԱՆ գլխավոր համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանը, ներկայացնելով իրավիճակի վերլուծությունը, նշեց, որ հանրապետությունում համաճարակ չկա, առկա է սեզոնային գործոնով պայմանավորված գրիպի եւ սուր շնչառական վարակների ակտիվություն, ինչը համահունչ է եվրոպական տարածաշրջանում տիրող իրավիճակին: Եվս մեկ անգամ շեշտադրվեց հանրության շրջանում զգոնության բարձրացմանն ուղղված աշխատանքների կարեւորությունը: Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը` նախարարը մարզի առողջապահության պատասխանատուներին հանձնարարեց շարունակել մշտադիտարկումները, իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել համապատասխան կառույցներին` ըստ պահանջվող ձեւերի, միաժամանակ ապահովելով վերահսկողություն: