Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը լարված չէ:  2016թ. հունվարի  11-ին դրությամբ ամբուլատոր եւ պոլիկլինիկական հաստատություններ են դիմել 332 -ը, որոնցից 275-ը  մինչեւ 18 տարեկան են,  հոսպիտալացվել է 54 հիվանդ, այդ թվում 32-ը մինչեւ 18 տարեկան:  Իսկ հոսպիտալացված հիվանդներից  21-ի մոտ  թոքաբորբ է ախտորոշվել: Այս մասին NEWS.am Medicine–ին հայտնեցին ԼՂՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

ԼՂՀ ԱՆ Ստեփանակերտի  շտապ  բժշկական օգնության կայանում կանչերի թվերի աճ եւս չի գրանցվել:

Կլինիկական ցուցումով գրիպ հիվանդության ախտորոշման նպատակով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիա ուղարկված նմուշներից  երեքում  սեզոնային գրիպի Ա տեսակի N1H1 ենթատեսակն է  հայտնաբերվել:

ԼՂՀ առողջապահության նախարարի   «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում  սեզոնային գրիպի եւ սուր շնչառական վարակիչ հիվանդությունների ներկրման եւ հետագա տարածման կանխարգելման միջոցառումների մասին» հրամանի համաձայն իրականացվում  է ամենօրյա մշտադիտարկում, կազմակերպվում  են համալիր միջոցառումներ բուժսպասարկման բոլոր օղակներում, ինչպես նաեւ  նախադպրոցական եւ հանրակրթական  կազմակերպություններում: Իրավիճակը լիարժեք վերահսկելու նպատակով ուժեղացվել  է  նաեւ հսկողությունը բժշկական հաստատություններում, մասնավորապես  հիվանդների  ժամանակին հայտնաբերման, արագ եւ ճիշտ ախտորոշման, հոսպիտալացման գործընթացներում:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հիվանդների գրանցման եւ տեղեկատվությունը օպերատիվորոն առողջապահության նախարարություն  հաղորդման վրա:  Բժշկական  անձնակազմերի զգոնությունը  բարձրացնելու նպատակով  նախարարության կողմից  իրականացվող ստուգումներին  զուգահեռ կատարվում  են իրազեկման աշխատանք: Ձեռք են բերվել անհրաժեշտ դեղամիջոցներ, ախտահանիչ նյութեր  եւ բժշկական պարագաններ: Հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով ամբուլատոր ծառայության կողմից իրականացվում են ամենօրյա  բակային համայցեր :

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության  նախարարությունը մեկ անգամ եւս կոչ է անում  գրիպանման երեւույթների դեպքում ժամանակին դիմել  բժշկական  օգնության,  չզբաղվել ինքնաբուժությամբ, անհարկի  չօգտագործել հակաբիոտիկներ, հագնվել եղանակին համահունչ, հնարավորության սահմաններում  նվազեցնել  շփումները հատկապես գրիպանման երեւույթներով հիվանդների  հետ,  պահպանել հազալու եւ փռշտալու  վարվելակարգը: