2015-ին երեւանյան շտապօգնությունը 238 216 կանչ է ստացել, ինչը 5.2 տոկոսով ավելի է, քան 2014 թվին: Այդ մասին լրագրողներին պատմել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
2015-ին մանկական կանչերի թիվը 25 030 էր` 1507-ով ավելի, քան 2014-ին:
Ինչ վերաբերում է շտապօգնության կանչերի ավելի հաճախ հանդիպող պատճառներին, առաջին տեղում առաջվա պես մնում են սիրտ-անոթային հիվանդությունները: Երկրորդ տեղում անցյալ տարի գրիպներն ու սուր շնչառական վարակներն էին, իսկ երրորդում` վնասվածքները: 2015-ին թունավորումների թիվը 17.6 տոկոսով պակաս է եղել, քան 2014-ին, նշել է մասնագետը:
Ինչպես տեղեկացրել է Թագուհի Ստեփանյանը, շտապօգնության ոչ բոլոր կանչերն են արդարացված. երբեմն բրիգադ են կանչում թեթեւակի թուլություն ունեցող հիվանդի համար, որը շատ հանգիստ կարող էր պոլիկլինիկա դիմել` թերապեւտին կամ ընտանեկան բժշկին:
Օրեր էին լինում, երբ շտապօգնության մասնագետները ժամը 50-60 կանչ էին ստանում եւ օրական ավելի քան 900 կանչ: Նման իրավիճակում բրիգադներն ուղղակի ֆիզիկապես չէին հասցնում ամեն տեղ եւ ստիպված էին լինում նախ գնալ ավելի շտապ կանչերով` այն հիվանդների մոտ, որոնք շտապ ուշադրություն էին պահանջում, իսկ հետո նրանց մոտ, որոնց վիճակն ավելի թեթեւ էր:
Չնայած այդ ամենին, 2015-ին հիվանդների մահացության դեպքերը 4.6 տոկոսով պակաս էին, քան 2014-ին, նշել է Թագուհի Ստեփանյանը:
Համեմատության համար` 2014-ին շտապօգնության կանչերի թիվը 226 357 էր, իսկ 2013-ին` 218 579: Հիշեցնենք, որ հունվարի առաջին 10 օրերին շտապօգնությունը 9611 կանչ է ստացել:






