Ռասայից եւ մաշկի գույնից անկախ, սեռական անդամն ու պտկաբակերը տղամարդկանց մեծամասնության մոտ ավելի մուգ են, քան մնացած մարմինը: Ինչո՞ւ: Այդ հարցը պարզելուն Medical Daily-ին տված հարցազրույցում օգնել է մաշկաբան Շաունակ Պատելը:
Ինչպես բացատրել է բժիշկը, երբ տղայի մոտ սեռական հասունացում է սկսվում, նրա օրգանիզմը սկսում է ավելի շատ արական հորմոններ արտադրել` անդրոգեններ եւ ադրենալ հորմոններ: Անդրոգենները պատասխանատու են երկրորդական սեռական նշանների ի հայտ գալու համար` դեմքի կամ մարմնի մազածածկույթի, դրանից է նաեւ մեծ մասամբ կախված մաշկի պիգմենտացիան: Անդրոգենները փոխազդում են մելանին արտադրող բջիջների հետ եւ արդյունքում ցայլքի հատվածը եւ ամորձիներն ավելի մուգ գունավորում են ստանում: Հետաքրքիր է, որ մոտավորապես նման մեխանիզմ է ներկում նաեւ մեր շուրթերը: Շուրթերի շրջանում ավելի շատ ֆեոմելանին է արտադրվում` կարմիր գունանյութ, որը շուրթերն ավելի մուգ է դարձնում մաշկի մնացած հատվածի համեմատ:
Սակայն կան նաեւ մի շարք հիվանդություններ, որոնք կարող են սեռական օրգանները եւ մարմնի մնացած հատվածները ավելի մուգ դարձնել, զգուշացնում է բժիշկը: Օրինակ` հորմոնային խանգարումների եւ շաքարախտի դեպքում տղամարդու օրգանիզմում ավելի շատ գունանյութ է արտադրվում, ինչի հետեւանքով նրա սեռական անդամը կարող է առաջվանից ավելի մուգ դառնալ: Բացի այդ, ճարպակալում ունեցող մարդկանց մոտ սեռական օրգանները եւ ազդրերը կարող են զգալիորեն ավելի մուգ լինել:
Քիչ հայտնի հիվանդություն կա` սեւ ականատոզ, որի հետեւանքով մգանում է պարանոցը, ցայլքը եւ թեւատակերը: Սեռական օրգանների անբնական մգացումը կարող է նաեւ փտախտի նշան լինել (օրինակ` Ֆուրնյեի փտախտի) կամ էլ արյան շրջանառությանը խանգարող թրոմբի:
Եթե նկատել եք, որ ձեր սեռական օրգանները մգացել են, բժիշկը խորհուրդ է տալիս համենայն դեպս բժշկի դիմել, որպեսզի համոզվեք, որ մաշկի գույնի փոփոխությունը վերոհիշյալ հիվանդություններից մեկը չէ:






