Կարծիք կա, թե հղի կանայք եւ երիտասարդ մայրերը հաճախ կորցնում են իրենց ինտելեկտուալ կարողությունները եւ չեն կարող արդյունավետ կերպով աշխատել: Դա ընդամենը հիմար առասպել է, պնդում են Brigham Young University-ի հետազոտողները:
Նրանց խոսքով, վերջերս ծննդաբերած կանայք իրականում անհամեմատ ավելի արգասավոր եւ արդյունավետ են աշխատում, քան մինչեւ երեխայի ծնունդը: Հարցն այն է, որ երեխայի ծննդից հետո կնոջ ուղեղը մի քիչ փոխվում է. նրա մտածողությունը դառնում է ավելի ռազմավարական եւ նրա համար հեշտ է լինում սթրեսը հաղթահարելը: Այդ ամենը նրանց օգնում է ավելի լավ աշխատել, քան նախկինում եւ նույնիսկ անհամեմատ ավելի լավ, քան իրենց չծննդաբերած գործընկերները:
Երեխայի ծննդից հետո առաջին 4 ամիսների ընթացքում ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են ռացիոնալ մտածողության, ճիշտ դատողությունների եւ զգայակցման համար, մեծանում են: Աճում է նաեւ սթրեսի հանդեպ դիմադրողականությունը. կնոջը հաջողվում է ոչ միայն երեխային հոգ տանել, այլեւ միաժամանակ աշխատել: Երեխայի ծննդից հետո բացահայտվում են նաեւ ռազմավարական պլանավորման եւ բազմաառաջադրանքայնության տաղանդները` երիտասարդ մայրերին լավ մենեջերներ եւ ղեկավարներ դարձնելով, նշել է հետազոտության հեղինակ Քելլի Լամբերտը:
New Scientist-ի խմբագիր Սալլի Էյդին եւս հաստատել է, որ հղիության ընթացքում անհանգստանում էր, թե իր երկվորյակների ծննդից հետո ինքը կարող է կորցնել աշխատունակությունը: Սակայն պարզվել է, որ իրականում ճիշտ հակառակն է: ,
«Ծննդաբերական արձակուրդից վերադառնալով` ես իմ մեջ անսպասելի փոփոխություններ նկատեցի: Եթե նախկինում ես ավելի անհանգիստ մարդ էի, այժմ անհամեմատ ավելի բարդ է ինձ ջղայնացնելը», - խոստովանել է նա:
Որոշ կանայք պնդում են, թե իրենց հիշողությունը հղիության ընթացքում վատանում է, սակայն հետազոտությունները հերքում են դա` ցույց տալով, որ հղի կանայք նույնքան արդյունավետորեն են հաղթահարում մտավոր զարգացման թեսթերը, որքան նրանք, որ հղի չեն: Հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ հղիությունն ու ծննդաբերությունը ոչ մի կերպ չեն ազդում կանանց ոչ ուշադրության, ոչ տարածական մտածողության վրա:






