Հայաստանում հունվարի 18-ից հետո դպրոցական արձակուրդի երկարաձգման մասին խոսելու համար առայժմ վաղ է: Շաբաթվա ընթացքում մասնագետները գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդացման մասին տեղեկատվություն կհավաքեն, իսկ շաբաթվա վերջին որոշում կկայացնեն, թե արդյոք կարիք կա երկարաձգելու արձակուրդը: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է Հայաստանի Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:  

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության միջնորդությամբ, Հայաստանի բոլոր կրթական հաստատություններում արձակուրդը երկարաձգվել էր մինչեւ հունվարի 18-ը` սովորողների շրջանում գրիպի եւ ՍՇՎ-ի տարածումը կանխելու նպատակով:  Միջնորդության համար որպես հիմք է ծառայել այն փաստը, որ գրիպով եւ ՍՇՎ-ով վարակվածների 80 տոկոսը մինչեւ 18 տարեկան երեխաներ են:

Օդակաթիլային եղանակով փոխանցվող հիվանդություններով (որոնց թվում են նաեւ գրիպը եւ ՍՇՎ-ն) վարակվելու հավանականությունն ավելի բարձր է փակ, չօդափոխվող տարածքներում: Գրիպից եւ ՍՇՎ-ից պաշտպանվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ի թիվս այլ միջոցների հաճախ օդափոխել տարածքները, չափից ավելի չմոտենալ հիվանդներին, հաճախ լվալ ձեռքերը եւ տարածքում սրբել փոշին: 

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը նաեւ նշել է, որ նախարարության վերջին տվյալների համաձայն, գրիպով, ՍՇՎ-ով եւ թոքաբորբով հիվանդացումը այս պահին նվազում է: