Հունվարի 12-ին արձանագրվել է  մեկ կնոջ եւ քաղցկեղով հիվանդ, վիրահատված  երեխայի մահվան դեպք, որի մոտ միաժամանակ հաստատվել է H1N1 ենթատեսակը, հայտնում է Առողջապահության նախարարությունը, այսպիսով հաստատելով տեղեկությունները «Էրեբունի» ԲԿ–ում մահացած կնոջ եւ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում մահացած 10–ամսական երեխայի մահվան մասին։

Միաժամանակ ԱՆ հայտնում է, որ այսօր, հունվարի 12–ին, առաջին օրն է, որ սուր շնչառական վարակներով պայմանավորված` իրավիճակը ոչ միայն կայունանում  է, այլեւ արձանագրվում է դեպքերի նվազում: Մինչեւ այժմ ամեն օր նկատվում էր հիավանդացության աճ:

Հունվարի 11-ին առողջապահության նախարարությունում կազմակերպված մամուլի ասուլիսից հետո մինչեւ ժամը 20:00-ը թոքաբորբով հիվանդների թիվը 412 էր, այսօր ժամը 20:00-ի դրությամբ հիվանդների թիվը նվազել է` 396: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացողների թիվը 92-ից օրվա ավարտին դարձել է 81: Սուր շնչառական վարակներով հղի կանանց թիվը նախկին 101-ից դարձել է  85, ապա նվազել է 78-ի: Սուր շնչառական վարակներով երեխաների թիվը 720-ից դարձել է 684:

Միաժամանակ, այս պահի դրությամբ 14 հիվանդի միացված է արհեստական շնչառության սարք: Նրանցից 8-ի մոտ է հաստատվել է գրիպի H1N1 ենթատեսակը:

Սուր շնչառական վարակներով հիվանդների ընդհանուր թիվը եթե հունվարի 11-ին, ժամը 20:00-ին 855 էր, ապա այս պահին 799 է: