Այսօր Հայաստանում արձանագրվել է խոզի գրիպից մահվան 2 դեպք։ 60-ամյա եւ 41-ամյա տղամարդիկ բուժօգնության են դիմել հիվանդությունն ի հայտ գալուց մեկ շաբաթ անց` ծանր վիճակում։ Մասնագետների տասնօրյա ջանքերն արդյունք չեն տվել, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Երեկ տեղեկացվել է, որ 81 հիվանդ բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 14-ի միացված է արհեստական շնչառության սարք։ Բոլոր այս հիվանդները կամ ժամանակին չեն դիմել բժշկին կամ ունեն քրոնիկ որեւէ հիվանդություն։ Նրանց բուժման ընթացքը մեր գլխավոր եւ առաջատար մասնագետների, անձամբ նախարարի ամենօրյա ուշադրության կենտրոնում է, հայտնում է նախարարությունը, հավելելով, որ ամենօրյա այցերի, բուժման տակտիկայի վերլուծությունների շնորհիվ շատ դեպքերում կյանքեր են փրկվում, սակայն միշտ էլ լինում են ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնց ոչ բոլորին է հաջողվում փրկել։
Սուր շնչառական վարակների ակտիվացման ողջ ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորում է խուճապի չմատնվել, բայց եւ զգոն լինել ու հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի։ Քանի որ սեզոնային գործոնով պայմանավորված ակտիվացումը համընկավ եղանակային պայմանների կտրուկ վատացմանը, ինչպես նաեւ տոնական օրերի ակտիվ շփումներին, ՀՀ առողջապահության նախարարությունն ու համակարգն աշխատեցին արտակարգ ռեժիմով։ Աշխատանքներն առ այսօր տարվում են երկու ուղղությամբ` կանխարգելիչ եւ բուժական։ Պետք է ասել, որ նախարարությանը հաջողվեց բարձրացնել մարդկանց զգոնությունը` ինչի վկայությունն է դիմելիության մեծացումը։ Անտարակույս, դրանով է պայմանավորված հանրապետությունում նկատվող իրավիճակի կայունացման եւ դեպքերի նվազման միտումը։






