Գրիպի եւ սուր շնչառական վարակների սեզոնային ակտիվության հետ կապված Հայաստանի բժշկական հաստատություններում միջոցներ են ձեռք առնվում օդակաթիլային եղանակով տարածվող այս հիվանդությունների ներհիվանդանոցային տարածումը կանխելու ուղղությամբ: Այդ միջոցների մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է Հայաստանի Առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահության պետական տեսչության պետի տեղակալ Գոհար Փանաջյանը:  

Նախ եւ առաջ բուժհաստատություններին առաջարկվել է խստացնել վերահսկողությունը սանիտարական նորմերի պահպանման եւ պահանջների կատարման ուղղությամբ, ինչը կօգնի կանխել գրիպի եւ ՍՇՎ-ի տարածումը կլինիկաների հիվանդների եւ աշխատակիցների շրջանում: Մասնավորապես, բուժաշխատողներին հանձնարարված է մանրակրկիտ կերպով հետեւել ջերմային ռեժիմի պահպանմանը, տարածքների վարակազերծում եւ մաքրում իրականացնել, օդը մաքրող լամպեր օգտագործել եւ իհարկե օդափոխել տարածքները: Բուժաշխատողներին առաջարկվել է նաեւ հստակորեն հետեւել հիվանդների խնամքին վերաբերվող հանձնարարականներին եւ կենսաբանական աղբի ճիշտ ոչնչացում իրականացնել՝ դրանից վարակումը կանխելու համար: 

Հիվանդանոցների այցելուներին կապահովեն պաշտպանության միջոցներով` միանգամյա դիմակներով, ձեռնոցներով, նեյլոնե ոտնամաններով եւ խալաթներով, սակայն բաժանմունքներ այցելությունների թիվը կկրճատվի: Կսահմանափակվի նաեւ հիվանդանոցների բաժանմունքներում ազատ տեղաշարժը եւ տարբեր բաժանմունքների հիվանդների շփումների հնարավորությունը: Քանի որ գրիպն ու ՍՇՎ-ն փոխանցվում են օդակաթիլային եղանակով, եթե բոլոր հիվանդներն ու նրանց մտերիմները ազատ տեղաշարժվեն ամբողջ կլինիկայով, այն էլ` առանց պաշտպանության միջոցների, ռիսկ կա, որ կվարակեն առողջ մարդկանց կամ այլ հիվանդությունների պատճառով հիվանդանոցներում գտնվող պացիենտներին:  

Տեսչության մասնագետներն իրենց գրություններում առաջարկել են հատուկ ուշադրություն հատկացնել մանկական հիվանդանոցներին, մանկաբարձա–գինեկոլոգիական եւ վերակենդանացման բաժանմունքներին, չէ՞ որ հենց այդ բաժանմունքներում են գտնվում ռիսկի խմբի մեջ մտնող հիվանդները. Ավելի թույլ իմունիտետի պատճառով նրանք ավելի հեշտորեն կարող են վարակվել, իսկ գրիպով վարակվելու դեպքում մեծ է բարդությունների ի հայտ գալու ռիսկը:  

Հատուկ ուշադրություն պիտի հատկացվի նաեւ քիմիաթերապիայի բաժանմունքներին: Ինչպես նշել է Գոհար Փանաջյանը, ծայրաստիճան կարեւոր է, որ այդ բաժանմունքներում խստորեն հետեւեն սանիտարական բոլոր նորմերին, սահմանափակեն շփումը այլ բաժանմունքների հիվանդների հետ եւ պացիենտներին ապահովեն պաշտպանական միջոցներով: Ուռուցքային հիվանդություններով մարդիկ, որոնք իրենց բուժման շրջանակում քիմիաթերապիա են ստանում, խոցելի են վարակների առաջ եւ մտնում են ռիսկի խմբի մեջ, այդ պատճառով բուժաշխատողների խնդիրն է բոլոր հասանելի միջոցներով կանխել նրանց գրիպով եւ ՍՇՎ-ով վարակումը: 

Ինչպես նշել է Գոհար Փանաջյանը, առողջապահության պետական տեսչության ղեկավարը կարգադրություններ է ուղարկել Հայաստանի բոլոր կլինիկաների տնօրեններին` եւս մեկ անգամ ընդգծելով սանիտարական նորմերին հետեւելու եւ կանխարգելիչ միջոցառումների ճիշտ իրականացման կարեւորությունը: Ամեն օր հիվանդանոցները տեսչությանը տեղեկատվություն են տրամադրում գրիպի հայտնաբերման նոր դեպքերի մասին: Տեսչության մասնագետները հավաքում եւ վերլուծում են ստացված տվյալները եւ ամենաօրյա զեկույցներ են ներկայացնում առողջապահության նախարարին: Վերջին տվյալների համաձայն, Հայաստանում գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդացությունն արդեն սկսել է նվազել: