Հայաստանի Առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահության տեսչության մասնագետները խորհուրդ են տալիս դպրոցների եւ նախադպրոցական հաստատությունների ջեռուցումը սկսել արդեն այսօրվանից, որպեսզի դասերի սկզբին այնտեղ արդեն նորմալ ջերմաստիճան լինի: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է տեսչության ղեկավարի տեղակալ Գոհար Փանաջյանը:  

Նրա խոսքով, գրիպի եւ ՍՇՎ-ի սեզոնային ակտիվության հետեւանքով Հայաստանի առողջապահության նախարարի հրամանով մի շարք միջոցառումներ են իրականացվում այդ հիվանդությունների տարածման կանխարգելման ուղղությամբ:  Մասնավորապես`առողջապահության պետական տեսչությունը երկրի բուժհաստատություններին կարգադրություններ եւ հանձնարարականներ է տվել սանիտարական նորմերի պահպամնամ եւ այլ միջոցների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են վարակի ներհիվանդանոցային տարածումը կանխելու համար:  

Տեսչության մասնագետները դիմել են նաեւ Երեւանի քաղաքապետին եւ մարզպետներին` խորհուրդ տալով այս պահից արդեն սկսել դպրոցների եւ նախադպրոցական հաստատությունների ջեռուցումը, որպեսզի եկող շաբաթվա սկզբին, երբ երեխաները դասի գնան, դասասենյակներում ջերմաստիճանն արդեն համապատասխանի նորմային:  

Հիշեցնենք, որ ցուրտը եւ մրսածությունը բարձրացնում են գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդացման ռիսկը: Ավելին`  վարակվածներից շատերը մինչեւ 18 տարեկան երեխաներ են, այդ պատճառով, մասնագետների խոսքով, ծայրաստիճան կարեւոր է, որ դպրոցներն ու մանկապարտեզները լավ ջեռուցվեն:  Ոչ պակաս կարեւոր է, որ դրանցում հետեւեն սանիտարա-հիգիենիկ նորմերին, որոնք կօգնեն թույլ չտալ երեխաների շրջանում այդ հիվանդությունների տարածումը: