NEWS.am Medicine-ի շատ ընթերցողներ այնքան հաճախ չեն հակաբիոտիկներ ընդունում, ինչպես ցույց է տվել նոր հարցումը: Հարցվածների գրեթե կեսը վերջին տարվա ընթացքում ոչ մի անգամ հակաբիոտիկներ չի ընդունել:
NEWS.am Medicine-ի խմբագրության հարցին` «Անցյալ տարվա ընթացքում հակաբիոտիկներ ընդունե՞լ եք» հարցվածների 45 տոկոսը (283 մարդ) պատասխանել է, որ ոչ մի անգամ: Հարցվածների 22 տոկոսը պատասխանել է (136), որ տարվա ընթացքում մեկ անգամ ընդունել է հակաբիոտիկներ: 23 տոկոսը (147) դրանք ընդունել է 3 անգամ կամ ավելի: Մարդկանց եւս 10 տոկոսը (65 մարդ) հայտնել է, որ չգիտե, թե ինչ դեղեր է ընդունել եւ արդյոք դրանց մեջ եղել են հակաբիոտիկներ:
Ընդամենը հարցմանը մասնակցել է 631 մարդ:
Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհի մասնագետները կոչ են անում հակաբիոտիկներ չօգտագործել առանց լուրջ անհրաժեշտության, առավել եւս դա անել ինքնուրույն կերպով, առանց խորհրդակցելու բժշկի հետ: Քանի որ հակաբիոտիկները նախատեսված են մանրէածին վարակների դեմ պայքարելու համար, միայն մեկ մասնագետ իրավունք ունի նշանակել դրանք` վարակաբանը: Իհարկե, նախ նա պիտի համոզվի, որ հիվանդն իրոք մանրէածին վարակ ունի եւ պարզի, թե որ հակաբիոտիկն առավել արդյունավետ կլինի դրա դեմ:
Հակաբիոտիկների չարդարացված եւ սխալ օգտագործման հետեւանքով աշխարհում հակաբիոտիկների դեմ կայունության լրջագույն խնդիր է առաջացել. Մանրէները մուտացիա են ապրում, անզգա են դառնում դրանց հանդեպ: Այսօր Չինաստանում արդեն կա աղիքային ցուպիկի շտամմ, որը կայուն է ԲՈԼՈՐ հայտնի հակաբիոտիկների նկատմամբ, նույնիսկն այսպես կոչված վերջին գծի դեղամիջոցների: Վերջերս այդ սուպերմանրէներն արդեն Չինաստանից Եվրոպա են տեղափոխվել:
Մասնագետների գնահատականով, եթե մոտ ժամանակներս հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդիրը չլուծվի, 2050-ին դա ավելի շատ մարդ կսպանի, քան քաղցկեղի բոլոր տեսակները միասին վերցրած: 2015-ին, օրինակ, աղիքային ցուպիկի, մալարիայի եւ թոքախտի շտամները, որոնք կայունություն ունեն հակաբիոտիկներով բուժման հանդեպ, մոտ 700 000 մարդ են սպանել: Գիտնականները վստահ են, որ այդ հիվանդությունների զոհերի թիվը մոտ ժամանակներս կաճի մինչեւ 10 մլն:
Ի՞նչ կարելի է անել հակաբիոտիկների հանդեպ կայունությունը կանխելու համար: Նախ եւ առաջ հենց այնպես հակաբիոտիկներ չընդունել: Եթե հիվանդ եք, անպայման դիմեք բժշկի, հարեւանների կամ դեղագործների խորհրդով հակաբիոտիկներ մի գնեք եւ մի խմեք, չէ՞ որ բացառված չէ, որ ձերը ոչ թե մանրէածին վարակ է, այլ հարուցիչային, որի դեպքում հակաբիոտիկները հակացուցված են:
NEWS.am Medicine-ի հարցմանը մասնակցածների 23 տոկոսը, որոնք հակաբիոտիկներ են ընդունել տարվա մեջ ավելի քան 3 անգամ, պոտենցիալ կերպով գտնվում են ռիսկի խմբում, հատկապես եթե այդ դեղամիջոցներն ընդունել են առանց բժշկի նշանակման:






