ԱՄՆ-ի վարակաբանները Էբոլայի տենդի դեմ նոր բազմանպատակային պատվաստանյութ են ստեղծել, որն ի վիճակի է չեզոքացնել նրա հարուցիչի միանգամից երկու ամենավտանգավոր շտամները, ասված է հոդվածում, որը հրապարակել է   Scientific Reports ամսագիրը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

«Ունիվերսալ իմունոթերապիան, որը գործում է Էբոլայի տենդի հարուցիչի տարբեր շտամների դեմ, մեզ համար լուրջ առաջընթաց կդառնա, որովհետեւ այժմ մենք չենք կարող կանխատեսել, թե պաթոգենի հինգ շտամներից որը հաջորդ համաճարակի պատճառ կդառնա: Բացի այդ, այդ պատվաստանյութը հնարավոր է օգտագործել կանխարգելիչ նպատակներով` Էբոլայի տենդով հիվանդների հետ աշխատող բժիշկների պաշտպանության համար», — հայտնել է Ջոնաթան Լայը (Jonathan Lai) Նյու Յորքի Եշիվա համալսարանից  (ԱՄՆ):

1976-ին Էբոլայի բացահայտումից ի վեր գիտնականները պարզել են, որ Երկրի վրա այդ հարուցիչի ոչ թե մեկ, այլ հինգ տարատեսակ կա: Ամենավտանգավորը համարվում են նրա երկու ենթատեսակները` զաիրյան Էբոլան, որը  2014-ի համաճարակի մեղավորն է, ինչպես նաեւ սուդանական Էբոլան, որն անցյալում տենդի խոշոր բռնկումներ էր առաջացրել:  

Վերջին երկու տարվա ընթացքում կենսաբանները Էբոլայի դեմ մի քանի փորձարարական պատվաստանյութ են մշակել, որոնք բոլորն ի վիճակի են ոչնչացնել ընդամենը հարուցիչի առաջին շտամմը: Լայի խումբը հակամարմինների նոր տեսակ է ստեղծել, որոնք հավաքված են  այլ մոնոկլոնային հակամարմիններից, որոնք նախատեսված են Էբոլայի զաիրյան եւ սուդանական տարատեսակների դեմ պայքարի համար: 

Գիտնականներն այդ մոլեկուլների աշխատանքը ստուգել են մարդու բջիջների նմուշների, ինչպես նաեւ մկների վրա, որոնց օրգանիզմ էր մտցում այս կամ այն հարուցիչի մահացու չափաբաժին: Ինչպես ցույց են տվել այդ փորձարկումները, նոր հակամարմինը հաջողությամբ չեզոքացնում էր տենդի այս կամ այն շտամմը, ինչպես նաեւ զգալիորեն նվազեցնում էր մահացությունը մկների շրջանում: