Հայաստանում գրիպի եւ սուր շնչառական հիվանդությունների համաճարակ չկա, կա հիվանդությունների սեզոնային բարձրացում, շեմը գերազանցվել է միայն մեկուկես անգամ: Բայց այս գրիպը հատկապես վտանգավոր է բարդություններով: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը:

Նա պարզաբանեց, որ համաճարակային հաշվարկները հետեւյալ կերպ են կատարվում. վերցվում է 10 տարվա ընթացքում հիվանդացության միջինացված ցուցանիշը, ասենք՝ հունվարի առաջին շաբաթվա, եւ համեմատվում ընթացիկ տարվա նույն շաբաթվա ցուցանիշի հետ: Համաճարակի մասին խոսելու համար ընթացիկ թվերը պետք է միջինացված ցուցանիշը գերազանցեն 4-5 անգամ, ինչպես դա տեղի ունեցավ 2009 թվականին:

«Նրանք, ովքեր խոսում են համաճարակի առկայության մասին, հիմնվում են միայն հոսպիտալացման դեպքերի վրա ինչը սխալ է: Դա խոսում է միայն վիրուսի յուրահատկության մասին: Ամբուլատոր դիմելիությունն այն ցուցանիշն է, որի վրա կարելի է հենվել: Իսկ ծանր եւ հոսպիտալացված դեպքերը չի կարելի հաշվել»,- նշեց Վլադիմիր Դավիդյանցը՝ հավելելով, որ «այս գրիպը վտանգավոր է հատկապես բարդություններով, եւ հատկապես ռիսկային խմբերում»:

«Վտանգավոր են գրիպի բոլոր վիրուսները, իսկ խոզի գրիպինը՝ հատկապես: Իհարկե, այն չի հասնում թռչնի գրիպին»,- ասաց նա ու եւս մեկ անգամ ընդգծեց. «Գրիպի ցանկացած վիրուս վտանգավոր է»:

Գլխավոր մասնագետի խոսքով, մենք ծանր ուշացած հիվանդներ ունենք տոների պատճառով: «Մարդիկ միայն ութերորդ-տասներորդ օրն են դիմել բժշկի: Իսկ նրանք դիաբետ, ասթմա, թոքերի խրոնիկ հիվանդություններ, սրտի իշեմիկ հիվանդություն, հիպերտոնիկ հիվանդություն ունեն: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան լավ է իրեն զգում վիրուսը»,- ասաց Վլադիմիր Դավիդյանցը՝ նշելով, որ հիվանդության վաղ բացահայտումն ու բուժումը հնարավոր են միայն վաղ դիմելու դեպքում: Մշտական կոչերից հետո դիմելիության զգալի աճ է նկատվում: Միաժամանակ, կարծես արդեն հաջողվում է կոտրել ծանր դեպքերի ալիքը:

«Յուրաքանչյուր ծանր հիվանդի դեպք Առողջապահության նախարարությունում քննարկվում է: Քննվում է ցանկացած մահվան դեպք»,- վստահեցրեց նա:

«Կխնդրեի հաշվի առնել, որ ամեն տարի այսպես է: Չեմ պատրաստվում չափազանցնել կամ թեթեւացնել իրավիճակը: Այն իսկապես ծանր է բժշկական տեսանկյունից: Մենք լուրջ հիվանդներ ունենք, նաեւ կորուստներ: Եվ սրանք հարցեր են, որոնք այսօր փորձում ենք լուծել: Չեմ ասում, թե քանի հիվանդների ենք դուրս բերել այդ վիճակից, նաեւ գիշերային խորհրդակցությունների մասին: Ոչ ոք չի ցանկանում կորցնել հիվանդներին: Բայց մենք կորցրել ենք նրանց, ովքեր շատ ուշ են դիմել բժշկի»,- նշեց նա:

Հիշեցնենք որ, հունվարի 14-ի ժամը 10.00-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 948 դեպք, որից 796-ը` 0-18 տարեկան: Թոքաբորբով հոսպիտալացվածները 422-ն են, որից 199-ը` 0-18 տարեկան։ Սուր շնչառական վարակներով եւ թոքաբորբերով հոսպիտալացվել է 144 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 92 հիվանդ։

H1N1 վարակից արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 3-ը` 2015 թվականին։