ԱՄՆ-ը հավանաբար կհաղթի քաղցկեղը, սակայն դա կտեսնի արդեն ամերիկացիների նոր սերունդը։ Այս մասին Լուիզիանայի նահանգի Մաքքինլի դպրոցում տեղաբնակների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Հարցը, թե երբ կհաջողվի հաղթահարել քաղցկեղը, նրան հղել է 10-ամյա մի աղջիկ։
Նախագահի խոսքով՝ այդ նպատակին հասնելու համար ԱՄՆ-ն նշանակալի միջոցներ կներդնի եւ կարագացնի բժշկական հետազոտությունների տեմպերը։ «Մենք կհավաքենք լավագույն հետազոտողներին, լավագույն գիտնականներին եւ կհասնենք դրան։ Հնարավոր է, որ քաղցկեղը չհաջողվի հաղթել իմ կյանքի օրոք, բայց ես կարծում եմ, որ դա կլինի ձեր օրոք»,- ասել է Օբաման, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ Կոնգրեսում «Երկրի վիճակի մասին» ուղերձով ելույթ ունենալիս Օբաման ԱՄՆ առողջապահական համակարգի առջեւ խնդիր է դրել հաղթել քաղցկեղը։ Նախագահի խոսքով՝ այդ ուղղությամբ նոր համազգային ջանքեր են գործադրվելու։ «Եկեք Ամերիկան դարձնենք այն երկիրը, որը մեկընդմիշտ կբուժի քաղցկեղը»,- ասել է նախագահը։






