Լիբերիայում Էբոլայի տենդի վերջին բռնկումը կանգնեցվել է, եւ Արեւմտյան Աֆրիկայում հարուցիչի տարածման բոլոր ուղիները փակվել են: Այդ մասին տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
«Աշխատանքը դեռ ավարտված չէ, դեռեւս բռնկումներ են սպասվում, այդ պատճառով համակողմանի դիտարկումը եւ արագ արձագանքը որոշիչ նշանակություն կունենան», – պատասխանել են ԱՀԿ-ից:
Լիբերիան առաջին անգամ Էբոլայի տենդից ազատ էր հայտարարվել դեռեւս անցյալ տարվա մայիսին, սակայն հետագայում հարուցիչը երկու անգամ դարձյալ ակտիվացել էր: Այսօր երկիրը դարձյալ ազատ է այդ հիվանդությունից. Էբոլայի վերջին հաստատված դեպքից հետո 42 օր է անցել:
ԱՀԿ-ն, սակայն, կշարունակի աջակցել Լիբերիային կանխելու համար հիվանդության նոր բռնկման դեպքերը: Կազմակերպությունը նշում է, որ Լիբերիայում, ինչպես նաեւ Գվինեայում եւ Սիերրա-Լեոնեում կպահպանվի տենդի ի հայտ գալու ռիսկը:
«Այսօրվա դրությամբ հիվանդության 10 դեպք է բացահայտվել, որոնք չեն վերաբերում ինքնատիպ հարուցիչին, ինչը հավանաբար վկայում է, որ հարուցիչը մարդկանց մեջ կարող է պահպանվել նույնիսկ առողջանալուց հետո», – տեղեկացնում են ԱՀԿ-ի մասնագետները: Կարծիք կա, որ հարուցիչը կարող է որոշ տղամարդկանց սերմնահեղուկում մնալ դեռեւս մեկ տարի եւ հազվագյուտ դեպքերում փոխանցվել սեռական զուգընկերներին:
«Այժմ մենք Էբոլայի տենդի զարգացման կրիտիկական շրջանում ենք. պատճառների կառավարումից եւ հիվանդների բուժումից անցնում ենք նոր վարակների զարգացման ռիսկի կառավարմանը: Այն նվազում է եւ մենք առաջվա պես նոր բռնկումներ ենք սպասում եւ պիտի պատրաստ լինենք դրանց», – ընդգծել է Էբոլայի հարցերով ԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Բրյուս Էյլվարդը:
Էբոլայի տենդի բռնկում էր արձանագրվել մոտավորապես երկու տարի առաջ, եւ հարուցիչը տարածվել է Արեւմտյան Աֆրիկայի երկրներում: Ընդհանուր առմամբ ԱՀԿ-ի տվյալներով համաճարակի սկզբից ի վեր աշխարհում Էբոլայի տենդով վարակման ավելի քան 28,6 հազար դեպք է արձանագրվել, ավելի քան 11,3 հազար մահ է գրանցվել:






