Տամիֆլյու դեղամիջոցը շուտով վաճառքի կհանվի Հայաստանի դեղատներում: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Նատալի Գրուպի» գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանը:

Նրա խոսքով, «Նատալի Ֆարմ» ընկերությունը դեղամիջոցի խմբաքանակ է ներկրել եւ մաքսային ձեւակերպումների ավարտից հետո, գուցե հենց վաղը, դեղը կհայտնվի դեղատների վաճառասեղաններին մեկ տուփը 11 500 դրամ գնով:

Հիշեցնենք, նախօրեին լրագրողների հետ զրույցի ընթացքում նման գին էր ասել Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: 

Նշենք, որ  2016-ի սկզբից Հայաստանի դեղատներում Տամիֆլյու դեղամիջոց ուղղակի չկար, որովհետեւ գրիպի եւ ՍՇՎ-ի հետ կապված իրավիճակի սրումից հետո բոլորը նետվեցին դեղը գնելու: Այն ժամանակ դա մոտավորապես  20 000 դրամ արժեր, եւ մատակարարների խոսքով, դա կապված էր այն բանի հետ, որ  «Հոֆֆման Լա Ռոշ» ընկերությունը Հայաստանի համար մատակարարման բարձր գին էր սահմանել:  

«Նատալի Ֆարմ» ընկերությունը Տամիֆլյուի նոր խմբաքանակը ներմուծել է Մոսկվայից եւ հենց դրանով է բացատրվում դեղամիջոցի ավելի ցածր գինը:  «Նատալի Ֆարմը» դեղամիջոցը մատակարարել է նաեւ Առողջապահության նախարարությանը հիվանդանոցներն ապահովելու համար: Ստացիոնարներում, ինչպես հաղորդում է Առողջապահության նախարարությունը,   գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդների բուժումը, անկախ տարիքից եւ սոցիալական խմբից, իրականացվում է պետպատվերի շրջանակում, այդ թվում նաեւ` Տամիֆլյու դեղամիջոցի օգտագործմամբ: