Հայաստանում այսօր գրիպի համաճարակ չկա, բայց եթե քայլեր չձեռնարկվեն, ներկայիս իրավիճակը միանգամայն կարող է համաճարակի վերաճել: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: 

Նրա խոսքով, համաճարակի հայտարարման համար անհրաժեշտ է որոշել վարակի վտանգավորության աստիճանը. պարտադիր չէ, որ տասնյակ հազարավոր մարդիկ հիվանդանան, որպեսզի տեղի ունեցողը համաճարակ կոչեն: Եթե երկրում տարածված վարակը վտանգավոր է եւ վտանգ կա, որ կարող է անցնել նաեւ այլ երկրներ, անհրաժեշտ է կարանտին հայտարարել: Ադիբեկյանը հիշեցրել է, որ Ուկրաինայում այս պահին կարանտին է հայտարարված խոզի գրիպի պատճառով, որին արդեն զոհ է գնացել  25 մարդ:

Սոցիոլոգը նաեւ հիշեցրել է, որ համաճարակը երկրի ներսում որեւէ հիվանդության տարածումն է, իսկ պանդեմիան` հիվանդության տարածումը բազմաթիվ երկրներում: Խոզի գրիպի պանդեմիան , օրինակ 2009-ին, 18 000 կյանք է խլել ամբողջ աշխարհում: