Ոչ բոլոր մարդիկ են հիվանդանալով տանը նստում եւ դիմում բժշկի:  Ոմանք շարունակում են աշխատանքի գնալ, մարզադահլիճ, հյուր:  Նման պահվածքում ոչ մի հերոսականություն չկա, պնդում են մասնագետները, չէ՞ որ աշխատանքի գնացող մարդը վտանգի է ենթարկում ոչ միայն իր, այլեւ ուրիշների առողջությունը:  

Եվ այսպես, ինչո՞ւ գրիպով հիվանդ լինելու դեպքում չարժե տնից դուրս գալ եւ աշխատել: 

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում  Հայաստանի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի շնչառական վարակների եւ հատկապես վտանգավոր վարակիչ  հիվանդությունների համաճարակաբանության բաժնի վարիչ Լիանա Թորոսյանը  նշել է, որ եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանում ի հայտ գա գրիպով հիվանդ լինելու դեպքում աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ չգնալու մշակույթը: Դա կօգնի խուսափել հիվանդի վիճակի վատացումից եւ նրան թույլ չի տա ուրիշներին վարակել: 

Աշխատասենյակներում, դպրոցական դասասենյակներում եւ ցանկացած փակ տարածքում գրիպի տարածման ռիսկը շատ բարձր է. գրիպով հիվանդ մի մարդը աշխատանքի կամ պարապմունքի գալով, կարող է հանգիստ վարակել մեծ թվով մարդկանց, չէ՞ որ գրիպի հարուցիչը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Ավելին, գրիպի  տարբեր շտամներով որոշ մարդիկ նույն տարածքում հավաքվելով` կարող են իրար վարակել, չէ՞ որ գրիպի մի տարատեսակով հիվանդանալով` մարդն այլ տեսակների հանդեպ իմունիտետ է մշակում: 

Լիանա Թորոսյանը հիշեցնում է. եթե դուք գրիպի ախտանիշներ ունեք, եթե բարձր ջերմաստիճան ունեք  (2 օրից ավելի), եթե մարմնում թուլություն կա եւ մկաններում ցավեր, տնից դուրս մի եկեք  (հատկապես հիվանդության առաջին 3 օրերին), տանն էլ ինքնաբուժմամբ մի զբաղվեք. անմիջապես բժշկի դիմեք: Ծայրաստիճան կարեւոր է ժամանակին դիմել բժշկական օգնության, եթե սիրտ-անոթային հիվանդություններ ունեք, թոքերի, երիկամների, արյան հիվանդություններ, եթե ուռուցքային հիվանդություն կա կամ էլ իմունային համակարգի հետ կապված խնդիրներ:  Այդ հիվանդությունների դեպքում գրիպի ցանկացած տարատեսակի հետեւանքով բարդությունների առաջացման ռիսկը շատ բարձր է, այդ պատճառով չարժե իզուր ինքդ քեզ վտանգի ենթարկել, ինքնաբուժմամբ զբաղվել եւ հետաձգել բժշկին  այցելությունը:  Հիշեցնենք, որ Հայաստանում բուժումն ու անհրաժեշտ դեղամիջոցները ձեզ անվճար կտրվեն:  

Ավելին, եթե հիվանդ եք եւ ինչ-որ տեղ եք գնում (օրինակ` պոլիկլինիկա, բժշկի մոտ), մի մոռացեք փռշտալու եւ հազալու մշակույթի մասին, բազմամարդ վայրերում ջանացեք դիմակ կրել, որպեսզի այլ մարդկանց չվարակեք: