Հայաստանի առողջապահական փորձն ուսումնասիրելու եւ համագործակցության ծրագրեր իրականացնելու նպատակով Հայաստան են ժամանել Հարվարդի առողջապահության դպրոցի «Դանա-ֆաբեր»-ի եւ Բոստոնի քաղցկեղի եւ արյան մանկական կենտրոնի գլոբար ծրագրերի համակարգող Իրինի Ալբանտիի եւ նույն դպրոցի մագիստրոսների խումբը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ ծրագրերի իրականացման հնարավարությունները: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում ուռուցքաբանության ոլորտին: Նրա խոսքով` դրա վառ ապացույցներից է Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման աշխատանքները, ինչպես նաեւ համագործակցությունը հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների հետ, ինչպիսին է օրինակ մանկական ուռուցքաբանության ոլորտում հսկայական աշխատանք իրականացնող «Նվիրիր կյանք» բարեգործական կազմակերպությունը:

«Վերջին տարիներին մանկական ուռուցքաբանությունը ոչ միայն առողջապահական, այլեւ սոցիալական եւ ժողովրդագրական խնդիրներ է ձեւավորում»,- նշեց նախարարը: Նա հյուրերին ներկայացրեց նաեւ ՀՀ ԱՆ ՀՀ Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում իրականացվող շինարարական աշխատանքները, որտեղ նախատեսված է նաեւ ցողունային բջիջների եւ ոսկրածուծի փոխպատվաստման ծառայության ստեղծումը:

Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաեւ հանրային առողջության ոլորտում իրականացվող ծրագրերին, շարունակական մասնագիտական զարգացմանը: Նախարարը ներկայացրեց նաեւ հիվանդությունների կանխարգելմանը եւ վաղ փուլերում հայտնաբերմանն ուղղված 2015 թվականին մեկնարկած եւ այս տարի եւս շարունակվող նոր ծրագրերը, որոնց թվում են երեք ուղղություններով իրականացվող սկրինինգային, ինչպես նաեւ սոցիալական փաթեթի շահառուների համար կանխարգելիչ բժշկական զննության ծրագրերը:

Անդրադառնալով մասնագետների խմբի այցին` Արմեն Մուրադյանն հավաստիացրեց, որ ՀՀ նախարարությունը մշտապես պատրաստ է աջակցել փորձի փոխանակման եւ մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին հատկապես մանկական ուռուցքաբանության նման կարեւոր ոլորտում:

Հարվարդի առողջապահության դպրոցի «Դանա-ֆաբեր»-ի եւ Բոստոնի քաղցկեղի եւ արյան մանկական կենտրոնի գլոբար ծրագրերի համակարգող Իրինի Ալբանտին նշեց, որ իրենք առաջին անգամ են Հայաստանում եւ արդեն ունեն «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մասնագետների հետ համագործակցության որոշակի փորձ:

Այս բժշկական կազմակերպությունում իրենք արդեն իսկ սկսել են իրականացնել մասնագիտական խորհրդատվության, մանկական ուռուցքաբանության ոլորտում սոցիալ-հոգեբանական ծրագրերի ներդրման աշխատանքներ:

Ամերիկյան առաջատար բժշկական այս կազմակերպության ներկայացուցիչները պատրաստակամությւոն հայտնեցին խորացնել համագործակցությունը եւ կյանքի կոչել արդյունավետ ծրագրեր մասնագետների վերապատրաստման, հեռաբժշկության եւ այլ ուղղություններով: