Հայաստանում դեղերի արտադրության ոլորտը կայուն աճ է ցուցադրում, եւ  2015-ի առաջին կիսամյակի ընթացքում 33 տոկոսի աճ է արձանագրել: Այդ մասին հունվարի  19-ի մամուլի ասուլիսին հայտնել է Հայաստանի Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության   (ԴԱՆՄ) ղեկավար Սամվել Զաքարյանը:

Նրա խոսքով, այդ ժամանակահատվածում արտահանումն աճել է  26 տոկոսով: Նրա կարծիքով, տարեվերջի տվյալներով այդ թվերը շատ չեն փոխվի:  «Արդյունքում կարելի է արձանագրել, որ վերջին 8 տարվա ընթացքում Հայաստանի դեղագործական ոլորտը կայուն աճ է արձանագրում», -ասել է նա: 

Սամվել Զաքարյանը նշել է, որ տեղական արտադրության դեղամիջոցների  55 տոկոսն արտահանվում է եւ դա բավականին ծանրակշիռ թիվ է:  «Իհարկե ոլորտի առաջ որոշակի մարտահրավերներ են կանգնած, որոնք կապված են ԵԱՏՄ-ի, ԵԱՏՄ-ում դեղագործության ոլորտում օրենքների ներդաշնակեցման հետ, ինչպես նաեւ ներքին մարտահրավերներ», - ասել է նա:

Խոսելով «Դեղերի մասին» օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին, Սամվել Զաքարյանը դա մեծ նվաճում անվանեց ինչպես կառավարության, այնպես էլ մասնավորի ոլորտի համար, որովհետեւ նոր օրենքը միջազգային ստանդարտներին համապատասխանող բազմաթիվ հասկացություններ եւ կանոններ է պարունակում: Նրա խոսքով, օրենքի նախագիծը դեռեւս քննարկվում  է Ազգային Ժողովում: Սոցիալական, առողջապահության, մայրության եւ մանկության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովում խումբ է ստեղծվել, որի մեջ մտել են ինչպես կառավարության ներկայացուցիչներ, այնպես էլ մասնավոր սեկտորի: «Քննարկումներն առայժմ շարունակվում են, եւ մեր Միությունն իր առաջարկներն ունի, որոնց մեծ մասն արդեն ընդունվել է, եւ հույս ունենք, որ օրենքը շուտով կընդունվի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ», - ասել է նա: