Հայկական արտադրության դեղորայքը ոչ իր որակով, ոչ էլ անվտանգությամբ չի զիջում այլ ջեներիկների, իսկ գնով շատ դեպքերում ավելի էժան է: Այս մասին հունվարի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի Դեղ արտադրողների ու ներմուծողների միության (ԴԱՆՄ) ղեկավար Սամվել Զաքարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու մեր բժիշկներից շատերը իրենց հիվանդներին խորհուրդ չեն տալիս տեղական արտադրության դեղեր գնել:

Նրա խոսքով, Հայաստանում արտադրված դեղերն անցնում են այն նույն փորձաքննությունը, որը անցում են ներկրվող դեղամիջոցները: «Փորձաքննությունը կատարվում է անանուն, այսինքն փորձագետը տեղյալ չէ՝թե որ արտադրության դեղն է ստուգում»,- ասել է նա՝ վստահեցնելով, որ բոլոր տեղական արտադրողները խստորեն պահպանում են դեղի բաղադրությունը՝ թե հիմնական ազդող նյութի, թե կից բաղկացուցիչների մասով:

Սամվել Զաքարյանը նաեւ շեշտեց, որ տեղական արտադրողները մեր կողքին են, նրանց հեռախոսհամարները նշված են դեղերի տուփերի վրա, ու նույնիսկ փոքր խնդրի դեպքում կարելի է նրանց հետ ուղիղ կապ հաստատել:

ԴԱՆՄ ղեկավարը կարծում է, որ խնդիրը հիմնականում ժողովրդի մտածելակերպն է, որը ավելի շատ վստահում է ներմուծվող արտադրանքին, քան տեղական: Նա նշեց, որ ժամանակին մոտավորապես նույն խնդիրն ուներ «Գրանդ Քենդի» հրուշակեղեն արտադրողը, սակայն ճիշտ կառուցված մարքետինգային քաղաքականությունը ու արտադրանքի իրոք բարձր որակը հանգեցրեցին նրան, որ մենք հիմա հաճույքով գնում ենք այդ արտադրանքը:

Իսկ ինչ վերաբերում է բժիշկների վարքագծին, ապա Սամվել Զաքարյանը կարծում է, որ այստեղ ամբողջ խնդիրը բժիշկների շահագրգռվածությունն է: «Իրականում բժիշկները գիտեն, որ բոլոր դեղամիջոցներն էլ արտադրված են նույն տեխնոլոգիայով: Պարզապես կան որոշ անբարեխիղճ բժիշկներ, որոնք խորհուրդ են տալիս գնել այս կամ այն ֆիրմայի դեղամիջոցը՝ ունենալով անձնական շահագրգռվածություն»,- ասել է նա՝ հավելելով, որ տեղական արտադրողները բժիշկներին հատուկ ձեւաթուղթ են տալիս, որտեղ կարելիէ գրանցել դեղերից առաջացած կողմնակի էֆեկտները, եթե նման բան պատահում է: Բայց առայսօր, նրա խոսքով, չի եղել ոչ մի դեպք, որ այդ ձեւաթուղթը լրացվի ու ուղարկվի արտադրողին: «Պարզապես ստեղծվում է որոշակի հասարակական կարծիք, ու շատ հաճախ այն ստեղծվում է արտասահմանյան արտադրող ընկերությունների ջանքերով՝ իրենց բիզնես խնդիրները լուծելու համար»,- ամփոփեց նա: