Հունվարի 19–ին հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 234 քաղաքացի։ Նրանցից 108-ը մինչեւ 18 տարեկան են։ 100-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 41-ը` երեխաներ։ Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Հանրապետության ծննդօգնության բժշկական ստացիոնարներում բուժում է ստանում 100 հղի եւ ծննդկան, 36-ի մոտ` թոքաբորբ։ Երեխաների եւ հղիների շրջանում ծանր հիվանդներ չկան:
Հերթական շրջայցից հետո ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ հունվարի 18-ի դրությամբ շուրջ 30 տոկոսով նվազել է հղիների շրջանում հիվանդացությունը: Նրա խոսքով` իրականացված միջոցառումների շնորհիվ, այսօրվա դրությամբ, հանրապետության ծննդօգնության որեւէ հիմարկում չկա արհեստական շնչառության սարքին միացված հղի կին:
Վերջին 3 օրվա ընթացքում պահպանվում է գրիպով եւ սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացման միտումը։ Արձանագրվում է թե՛ հիվանդանոցային, թե՛ առողջության առաջնային պահպանման օղակի դիմելիության, ինչպես նաեւ շտապօգնության կանչերի նվազում, գրեթե չկա ծանր դեպքերի նոր դիմելիություն։
Գրիպով եւ սուր շնչառական վարակներով մեծաթիվ հիվանդներ առողջացմամբ դուրս են գրվում, վերակենդանացման բաժանմունքներում բուժվողների մեծ մասը տեղափոխվել է սոմատիկ բաժանմունքների հիվանդասենյակներ։
Այնուամենայնիվ, հաշվի առնելով հարեւան երկրներում հիվանդացության լայն տարածվածությունը, բնակչության ակտիվ տեղաշարժը եւ այն հանգամանքը, որ դեռեւս գտնվում ենք գրիպի սեզոնի մեջ, ՀՀ ԱՆ հորդորում է չթուլացնել զգոնությունը։
Գրիպից եւ սուր շնդառական վարակներից խուսափելու նպատակով նախարարությունը հորդորում է ականջալուր լինել բժիշկների խորհուրդներին, չշփվել հիվանդների հետ, հիվանդանալու դեպքում մնալ տանը, ստանալ պատշաճ մասնագիտական բժշկական օգնություն, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չընդունել հակաբիոտիկներ։





