Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիվանդները այժմ ցուցումների առկայության դեպքում կարող են ստանալ «Ավաստին» դեղորայքով բուժում, ընդ որում այդ թանկարժեք դեղամիջոցը Կենտրոնը հիվանդներին անվճար է տրամադրում: Այս տեղեկությունը, որը մենք ստացել էինք հիվանդներից, հաստատել են նաեւ Կենտրոնում: Հումանիտար ակցիան հնարավոր է դարձել Հայաստանի առողջապահության նախարարության, Ազգային կենտրոնի ու Հայ օգնության ֆոնդի համատեղ ջանքերի շնորհիվ:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը, Կենտրոնը հումանիտար օգնության շրջանակում ստացել է «Ավաստին» դեղամիջոցնի 780 չափաբաժին, որը օգտագործվում է թարգեթ թերապիայի համար, որն իրականացվում է քիմիաթերապիային զուգահեռ՝ հաստ աղու քաղցկեղի, արգանդի վզիկի, ձվարանների ու այլ լոկալիզացիաների ժամանակ: Արմեն Տանանյանը նշեց, որ Կենտրոնը փորձում է այնպես անել, որ «Ավաստինով» բուժումը ստանան բոլոր նրանք, ովքեր ունեն դրա կարիքը, իսկ դրանք հիմնականում հիվանդության 3-4 փուլում գտնվող հիվանդներն են:

Նկատենք, որ տվյալ դեղամիջոցի մեկ չափաբաժնի շուկայական գինը Հայաստանում 800 000-ից 1 մլն դրամ է: Մնում է հույս հայտնել, որ հումանիտար ակցիան շարունակություն կունենա: