Իտալացի բժիշկ Սերջիո Կանավերոն հայտարարել է, որ իր գիտական խմբի գրանցած հաջողությունները գործնականում ցույց են տալիս, որ գլխի փոխպատվաստումն իրատեսական է եւ հնարավոր։
Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Կանավերոն, նման փորձարկումներ ակտիվորեն իրականացվում են Չինաստանում։ Վիրաբույժների թիմի ղեկավար Ժեն Սյաոտինը նշել է, որ գլուխը մարմնից առանձնացնելուց հետո ուղեղի աշխատունակությունը պահպանելու եւ նոր մարմնի վրա տեղադրելու գործում զգալի հաջողություններ են գրանցվել։
«Մեր հասցեին հնչող գլխավոր քննադատությունն այն է, որ մեր գործընկերները կարծում են, որ ողնուղեղը եւ գլխուղեղի ցողունը անհնար է միացնել իրար, ինչի հետեւանքով հիվանդը, ում գլուխը փոխպատվաստել են, ամբողջովին կկորցնի մարմինը կառավարելու ունակությունը։ Մենք Չինաստանում ու Հարավային Կորեայում փորձարկումների 2 շարք ենք իրականացրել, որոնք ցույց են տալիս, որ դա այդպես չէ»,- ասել են բժիշկները։
Կանավերոյի խոսքով՝ նյարդային բջիջները պոլիէթիլենգլիկոլի միջոցով «կպցնելու» իրենց մշակած մեթոդը հաջողվել է՝ առնետներին թույլ տալով վերականգնել իրենց վերջույթների շարժունակությունը։
Կանավերոյի եւ Սյաոտինի թիմը նաեւ կարողացել է ցույց տալ, որ քննադատները սխալվել են նաեւ այն հարցում, երբ հայտարարել էին, որ ուղեղն ու գլուխը կենդանի չեն մնա մարմնից առանձնացնելուց հետո։
«Ես կրկին ուրախ եմ հայտնել, որ իմ գործընկեր Ժեն Սյաոտինն առաջին անգամ բարեհաջող կերպով կապիկի գլուխ է փոխպատվաստել՝ օգտագործելով մատակարարման հատուկ համակարգ։ Կենդանին ողջ մնաց ավելի քան 20 ժամ, որից հետո մենք քնեցրինք նրան՝ չցանկանալով ավելորդ տանջանքներ պատճառել»,- ասել է Կանավերոն։
Ինչպես հավելել է ինքը՝ Սյաոտինը, հիմա նրա գիտական թիմը պլանավորում է իրականացնել մարդկային ուղեղի փոխպատվաստման առաջին փորձերը, որոնք դեռեւս ընթանալու են դիակների վրա։ Դրանից հետո դրանց մասշտաբը կընդլայնվի։
2015թ. փետրվարի վերջին Կանավերոն հայտնել էր, որ գործարկում է HEAVEN/AHBR նախագիծը, որի շրջանակներում նա պլանավորում է կամավորների շրջանում գլխի փոխպատվաստում իրականացնել։ Կանավերոյի կոչին արձագանքել էր ռուսաստանցի ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովը, որը մկանների դիստրոֆիայի պատճառով գամված է հաշմանդամի սայլակին։
Վիրահատությունը կարող է անցկացվել Ռուսաստանում, սակայն, Կանավերոյի խոսքով՝ միակ խնդիրը քաղաքական կամքի առկայությունն է եւ ֆինանսական աղբյուրներ գտնելը։
«Ես ռուս միլիարդատերերին եւ նրանց օտարերկրյա գործընկերներին, ինչպես Մարկ Ցուկերբերգն է, կոչ եմ անում միջոցներ ներդնել պատմության մեջ առաջին գլխի փոխպատվաստման գործում։ Մենք ապացուցել ենք, որ դա հնարավոր է, բայց Վալերիի փրկության համար մեզ օգնություն է պետք ինչպես նրանց, այնպես էլ Ռուսաստանի կողմից»,- ասել է վիրաբույժը։






