ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանի եւ ԼՂՀ-ի պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով ուռուցքաբանական ծառայություններ իրականացնող բժշկական կազմակերպություններին հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից, որպես մարդասիրական օգնություն, ստացված թանկարժեք հակաուռուցքային դեղեր` Ավաստին (բեւացիզումաբ) լ-թ ն/ե 25մգ/մլ 4մլ եւ Վինորելբին լ-թ ն/ե 10մգ/մլ 1մլ:

Նշենք, որ մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն եւ, միայն դրական արդյունքի դեպքում, թույլատրվում է դրանց ներմուծումը եւ բաշխումը: Ուստի, ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը եւ արդյունավետությունը։

ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանով հաստատված «Անվճար եւ անրտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգի» համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից: