Հայաստանում մայրական եւ մանկական մահացության ցուցանիշները վերջին տարիներին նվազում են, հունվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է  ՀՀ Առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:

Նրա խոսքով, եթե 1990-ին մանկական մահացությունը կազմում էր 18.9 պրոմիլե  (1465 երեխա), 2014-ին այդ ցուցանիշը կազմել է 8.7 պրոմիլե (376 երեխա): Այսինքն ակնհայտ է  57 տոկոս կրճատումը: 2015-ի արդյունքներն առայժմ չեն ամփոփվել, հայտնել է նա: Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով, ԱՀԿ-ն Հայաստանը դասել է մանկական մահացության ցածր ցուցանիշով երկրների թվին: 

Ինչ վերաբերում է մայրական մահացությանը, եթե  90-ականներին տարեկան 35-40 մայրական մահացություն էր գրանցվում, 2015-ին 5 մայրական մահ է գրանցվել: Համեմատության համար, 2014-ին եւ 2013-ին 8-ական մահ է եղել, 2010-ին` 10: Այսինքն այստեղ եւս կրճատումն ակնհայտ է, համարում է Գայանե Ավագյանը: 

Նրա խոսքով, դրան հաջողվել է հասնել Առողջապահության նախարարության նպատակային ծրագրերի շնորհիվ: Վերջին 10 տարիների ընթացքում արդիականացվել են տարածաշրջանային շատ բժշկական կենտրոններ եւ ամբուլատոր օղակներ: Միաժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել ծննդօգնության եւ մանկաբուժության ծառայություններին: Ոլորտի մասնագետներն արտասահմանյան սիմուլյացիոն կենտրոններում վերապատրաստում են անցել:  

Գայանե Ավագյանը հիշեցրել է, որ Հայաստանում ներդրվել է պաթոլոգիաներով հղի կանանց տեղում անհետաձգելի օգնություն տրամադրելու արագ արձագանքման ծառայություն: Մասնագետը նշել է պերինատալոգիական օգնությունը շրջաններ տեղափոխելու կարեւոր նշանակությունը. հանրապետությունում 61 բժշկական կենտրոն ծննդօգնության ծառայություններ են մատուցում եւ բաժանված են երեք մակարդակի:  Հղիության ընթացքում պաթոլոգիաներով կանանց ուղարկում են 2-րդ կամ 3-րդ մակարդակի կլինիկաներ: Բարդ պաթոլոգիաների համար երրորդ մակարդակի ծննդատներ միայն Երեւանում կան, բայց դրանում Գայանե Ավագյանը խնդիր չի տեսնում, որովհետեւ շրջանային կենտրոնում իրավիճակի կայունացումից հետո հղի կնոջը կարող են ցանկացած շրջանից մի քանի ժամում հասցնել Երեւան: 

Մանկական մահացության կրճատման գործում մեծ դեր են խաղացել նաեւ սքրինինգային ծրագրերը: Նա հիշեցրել է, որ անվճար ծննդօգնության շրջանակում հղի կանայք երեք անգամ պարտադիր գերձայնային հետազոտություն են անցնում եւ պարբերաբար հանձնում են բոլոր անհրաժեշտ անալիզները: Նորածինների մոտ ֆենիլկետոնուրիայի, հիպոթիրեոզի, անհասների ռետինոպաթիայի, լսողության, կոնքազդրային հոդերի դիսպլազիայի սքրինինգ է իրականացվում:  

Գայանե Ավագյանը նաեւ նշել է 15 տարեկան պատանիների առողջական վիճակի համալիր գնահատման ծրագիրը, որը թույլ է տալիս ի հայտ բերել անպտղության հնարավոր խնդիրները եւ կանխել հետագա բարդացումները: