Հունվարի 20-ին Երեւանում ամփոփել են երեխաների առողջության, սննդի եւ խնամքի խնդիրները լուսաբանող լավագույն նյութի լրագրողական մրցույթի արդյունքները: Մրցույթի հաղթողներ են դարձել NEWS.am Medicine-ի եւ ռադիո Van-ի թղթակիցները:

Ինչպես մրցանակների հանձնման արարողությանը նշել են մրցույթի կազմակերպիչները, հայ լրագրողները մրցույթին շատ հետաքրքիր նյութեր էին ներկայացրել, եւ բավականին բարդ էր դրանցից ընտրություն կատարելը: Վեց աշխատանքի հեղինակներ խրախուսական մրցանակներ ստացան. 

1. Լիլիթ Տերտերյան Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունից 

2. Տիգրան Հովակիմյան «Գավառ» հեռուստաընկերությունից

3. Աստղիկ Կարապետյան Iravaban.net-ից

4. Գայանե Մկրտչյան Armenianow.com-ից

5. Նելլի Բաբայան «Կինը եւ հասարակությունը» պորտալից

6. Նունե Հովսեփյան «Կինը եւ հասարակությունը»-ից

Առաջին տեղը կիսել են ռադիո Van-ից Լիանա Մարգարյանը «Համայնքներում կրտսեր տարիքի երեխաների սննդի խնդիրներ» նյութով եւ Ամալյա Գաբրիելյանը NEWS.am Medicine-ից «Երեխային կրծքով կերակրելու 8 պատճառ»:

Մրցույթը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի եւ Հայաստանի Վորլդ Վիժնի «Կարեւոր է երեխայի կյանքի առաջին 1000 օրը» ծրագրի շրջանակում, որը USAID-ի կողմից ֆինանսավորվող «Նորածինների եւ ցածր տարիքի երեխաների առողջության եւ սննդի բարելավում» ծրագրի մաս է կազմում:

Մրցույթի ժյուրիի կազմի մեջ են մտել հայ հայտնի մանկաբույժներ, հասարակական կազմակերպությունների, Հայաստանի Առողջապահության նախարարության եւ մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: