Հայաստանում 2015-ին մահացած հինգ ծննդկանները մահացել են ոչ թե մանկաբարձական, այլ հղիության հետ կապված բարդացումներից, հունվարի 20-ին մամուլի ասուլիսին հայտնել է ՀՀ Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը: Նրա խոսքով, այդ մահերի պատճառը դարձել են էքստրագինետալ հիվանդությունները:
Այսինքն, ինչպես բացատրել է Գայանե Ավագյանը, դրանք արյունահոսության, պրեէկլամպսիայի, սեպսիսի կամ աբորտի հետ կապված դեպքեր չեն եղել` մայրական մահացության դեպքեր, որոնք հատուկ են զարգացող երկրներին: Գրանցված մահերի պատճառների թվում Առողջապահության նախարարության մասնագետը թվարկել է սրտի հիվանդությունը, երիկամային անբավարարությունը, հիպերտոնիան, արյան հիվանդությունը:
Ինչ վերաբերում է 2016-ի սկզբի մայրական մահվան երկու դեպքին, Գայանե Ավագյանը նշել է, որ նրանք թոքաբորբ ունեին, բայց խոզի գրիպի հարուցիչ չէր հայտնաբերվել:
Գայանե Ավագյանը հրաժարվել է մեկնաբանել կոնկրետ դեպքերը` նշելով, որ դրանց բոլորի վերաբերյալ քննություն է անցկացվում:
Ինչ վերաբերում է Գյումրիից Կարինե Պապանյանի մահվանը (2014-ին), որի փաստով դատական գործը փակվել է, Գայանե Ավագյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ այդ մահն անկանխատեսելի էր եւ անկանխելի: «Դիահերձումը ցույց է տվել, որ նա պտղաջրերի էմբոլիա ուներ, իսկ աշխարհում առայժմ չկան նման դեպքերում կնոջ կյանքը փրկելու գործուն մեթոդներ: Ջրերն անցնում են արյան հոսք եւ խցանում են թոքային զարկերակը, եւ կինն այլեւս չի կարողանում շնչել», - պարզաբանել է նա:
Խոսելով այն մասին, որ մահացած ծննդկանների հարազատները բժիշկներին են մեղադրում, Գայանե Ավագյանը նշել է, որ ամբողջ աշխարհում հստակորեն ձեւակերպված չէ «բժշկի սխալ» հասկացությունը:
Նա նշել է, որ եթե կա անփութություն, պարտականությունների ոչպատշաճ կատարում, դա արդեն քրեորեն պատժելի արարք է, բայց դա պիտի դատարանը որոշի: «Իսկ եթե բժիշկը սխալ, բացթողում է թույլ տվել, բժշկական գրականության մեջ դա կոչվում է բարեխիղճ մոլորություն: Նա դա արել է իր գիտելիքների եւ հնարավորությունների սահմաններում», - ասել է նա:
Գայանե Ավագյանն ընդգծել է, որ ոչ մի ծանր դեպք մեկ գինեկոլոգի ուսերին չի մնում, անպայման թիմ է գործում, ինչպես նաեւ անպայման ներգրավվում է գլխավոր գինեկոլոգը: Նա հավելել է, որ Ռազմիկ Աբրահամյանի բջջայինի համարը գրանցված է այն ուղեցույցներում, որոնք բաժանվում են բոլոր գինեկոլոգներին, եւ օրվա ցանկացած ժամի կարելի է դիմել նրան:
Նա նաեւ հավելել է, որ մայրական մահացության բոլոր դեպքերը քննվում են մանկաբարձ-գինեկոլոգների հատուկ խորհրդում եւ գտնվում են նախարար Արմեն Մուրադյանի անձնական վերահսկողության տակ:






