Հղի կանանց իմունիտետը ճնշված է լինում: Հղիության ընթացքում կինն իր մարմնում օտարածին գեներ է կրում՝ երեխայի հոր գեները: Դրա համար էլ օրգանիզմը ճնշում է իմունիտետը, որպեսզի հղիությունը զարգանա: Այս մասին NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մայրական ու վերարտադրողական առողջության պահպանման բաժնի ղեկավար Գայանե Ավագյանը:
«Եթե իմունիտետը չճնշվի, ապա կնոջ մոտ չի զարգանա իմունալ տոլերանտություն, եւ այդ հղիությունը կընդհատվի», - ասել է նա՝ նշելով, որ հենց այդ պատճառով էլ հղի կինը խոցելի է դառնում ինֆեկցիաների ու այլ հիվանդությունների նկատմամբ:
Նրա խոսքով, իզուր չեն մեր տատերը ծննդկանների մասին ասել. ազատվեց։ «Ես հիմա եմ հասկանում այդ բառի իմաստը։ Ինչից ազատվեց, ազատվեց անկանխատեսելի մահից», - ասաց նա։
Դրա համար էլ մասնագետի խոսքով հղի կանայք ու ինչն ավելի կարեւոր է՝ նրանց ընտանիքների անդամները պետք է շատ ուշադիր ու զգույշ լինեն, ու առաջին իսկ տագնապահարույց ախտանշանների դեպքում բժշկի դիմեն: Պատասխանելով այն դիտարկմանը, որ հղիությունն առանց այդ էլ բժշկի մշտական հսկողության տակ է գտնվում, Գայանե Սահակյանը նկատեց, որ ծննդօգնության անվճար սերտիֆիկատը ենթադրում է հղիության ընթացքում բժշկի վեց պարտադիր այց: Այդ այցերի ժամանակ բժիշկները պետք է փորձեն առավելագույնս բարձրացնել հղի կանանց տեղեկացվածությունը, որպեսզի խնդիրներ ծագելու դեպքում ապագա մայրերը ու նրանց շրջապատը ժամանակին արձագանքեն:
Ընդ որում Գայանե Սահակյանը խորհուրդ է տալիս բոլոր հղիներին բժշկի դիմել ըստ իրենց բնակության վայրի ու վստահեցնում է, որ հանրապետությունում բոլոր գինեկոլոգները՝ թե Երեւանում, թե ասենք Վարդենիսում, գործում են նույն միասնական ուղեցույցերով: Եվ պետք չէ փորձել սեփական ուժերով կնոջը հեռավոր մարզերից մայրաքաղաք հասցնել, քանի որ հանրապետությունում գործում է արագ արձագանքման խումբ, որը անհրաժեշտության դեպքում կկազմակերպի ծննդկանի տեղափոխությունը:






