Հղիության ընթացքում դեպրեսիան կարող է ապագա երեխայի առողջության հետ կապված մի շարք խնդիրներ ստեղծել. դեպրեսիայով տառապող կանանց մոտ ավելի հաճախ են անհաս կամ ցածր քաշով երեխաներ ծնվում: Պարզվում է, որ ապագա հոր դեպրեսիան եւս կարող է ազդել պտղի առողջության վրա եւ վաղաժամ ծննդաբերության պատճառ դառնալ:
Նման եզրակացության հանգելու համար բժիշկ Անդերս Հիերնն ու գործընկերները վերլուծել են Շվեդիայում 2007-ից 2012-ի ընթացքում ծնված 350 000 երեխայի մասին տվյալներ: Նախ եւ առաջ նրանց հետաքրքրում էր, թե արդյոք ծնողներից որեւէ մեկը երեխային սպասելու ժամանակահատվածում դեպրեսիայով է տառապել կամ ունեցել է վաղաժամ ծննդաբերություն:
Համարվում էր, որ տղամարդիկ եւ կանայք դեպրեսիայից են տառապել, եթե բեղմնավորումից 12 ամիս առաջ եւ մինչեւ հղիության երկրորդ եռամսյակի ավարտը նրանց հակադեպրեսանտներ են նշանակել կամ նրանք համապատասխան բուժում են անցել: Նրանց մոտ, ովքեր, նախկինում էլ էին դեպրեսիայով տառապել, կրկնակի դեպրեսիա էր ախտորոշվել:
Հետազոտությունը ցույց էր տվել, որ եթե դեպրեսիայով տառապել են մայրերը, վաղաժամ ծննդաբերության ռիսկը մեծացել է 30-40 տոկոսով: Այն դեպքում, երբ դեպրեսիան զարգացել է երեխայի սպասող հայրերի մոտ, հղիության 22-ից 31-րդ շաբաթների ընթացքում վաղաժամ ծննդաբերության ռիսկը մեծացել է 38 տոկոսով: Տղամարդկանց մոտ դեպրեսիայի կրկնակի դեպքերը ոչ մի կերպ չէին ազդում վաղաժամ ծննդաբերության հավանականության վրա:
Գիտնականների կարծիքով, տղամարդկանց հոգեկան վիճակն ու դեպրեսիան կարող են բացասաբար ազդել հղի կնոջ վիճակի վրա: Բացի այդ, դեպրեսիան, ինչպես հայտնի է, փչացնում է սերմնահեղուկի որակը:
Հետազոտողները համարում են, որ ապագա հայրերի եւ մայրերի մոտ դեպրեսիայի բուժումը կօգնի նվազեցնել վաղաժամ ծննդաբերության հաճախությունը:
Այդ հետազոտության մասին տեղեկացնում է International Journal of Obstetrics and Gynaecology-ն:






