Վրաստանում վերջին երեք շաբաթվա ընթացքում խոզի գրիպից (H1N1) երեք մարդ է զոհվել:  Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության եւ հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: 

Նա նշել է, որ բոլոր երեք հիվանդը ուղեկցող բարդ հիվանդություններ ունեին եւ  մտնում էին ռիսկի խմբի մեջ, բոլորն էլ չափազանց ուշ էին դիմել հիվանդանոցներ:  

Վերոհիշյալ կենտրոնի գիտական խորհրդի ղեկավար Պաատա Իմնաձեն լրագրողներին հայտնել է, որ խոզի գրիպի համաճարակի վտանգ չկա: Բարդացումների կանխարգելման համար մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակին դիմել բժիշկներին, իսկ հիվանդացման կանխարգելման համար խորհուրդ են տալիս անպայման պատվաստման դիմել:

Վրաստանի առողջապահության նախարար Դավիդ Սերգեյենկոն «բնակչությանը խուճապի չմատնվելու, առանց հատուկ անհրաժեշտության շտապօգնության բրիգադներ չկանչելու, միայն բարձր ջերմաստիճանի դեպքում նման քայլի դիմելու» կոչ է արել: Նա նշել է, որ խոզի գրիպի համաճարակի սպառնալիք չկա եւ բնակչությանը խորհուրդներ է տվել հարուցիչային վարակներից պաշտպանվելու մասին: Արժե նշել, որ Թբիլիսիի եւ Վրաստանի մի շարք այլ շրջանների շտապօգնության կենտրոնները աշխատում են ուժեղացված ռեժիմով: