Հայաստանում գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդացումն արդեն նվազում է հատկապես երկու խոցելի խմբի` հղի կանանց եւ մինչեւ  18 տարեկան երեխաների մոտ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: 

Նախարարի խոսքով, գրիպի եւ ՍՇՎ-ի նոր ծանր դեպքեր վերջին օրերին չեն գրանցվել: Մի քանի հիվանդ դեռ միացված է արհեստական շնչառության համակարգին, սակայն շատ ուրիշներ ապաքինված դուրս են գրվում: 

Սեզոնային գրիպի եւ թոքաբորբի դեպքեր լինում են ամեն ձմեռ, հիշեցրել է նախարարը, եւ անկախ այն բանից, թե տվյալ տարում գրիպի որ տեսակն է ակտիվ, դրա պատճառով   բարդություններ են լինում եւ, ցավոք սրտի, մահացության դեպքեր: 

Հիշեցնենք, որ հունվարի 20-ի տվյալների համաձայն, առողջացած հիվանդները շարունակում են դուրս գրվել. վերակենդանացման բաժնի հիվանդների մեծ մասը տեղափոխվել է սոմատիկ բաժանմունքի հիվանդանոցային պալատներ:  Մասնավորապես, հունվարի  20-ին դուրս է գրվել 174 մարդ, որոնցից 129-ը` 18 տարեկան: 82-ի մոտ թոքաբորբ է ախտորոշվել, նրանցից 36-ը երեխաներ են: Արհեստական շնչառության համակարգին շարունակում է միացված մնալ 6 հիվանդ:

Պոլիկլինիկա այցելուների թվի մասին վերջին տվյալները եւս հիվանդացման անկում են մատնանշում: