Իրավական դաշտում փոխնակ մայրության ինստիտուտի կարգավորման խնդիրներ առկա են բոլոր երկրներում, այդ թվում նաեւ` Հայաստանում: Այստեղ փոխնակ մայրության որոշ կողմեր արդեն կարգավորվում են գործող օրենքով, ուրիշներն էլ դեռ քննարկվում են: Մասնավորապես, մասնագետները ցանկանում են օրենքով ամրապնդել այն, որ փոխնակ մայրը պիտի գենետիկ կապ չունենա պտղի հետ, որին կրում է: Այդ մասին լրագրողներին պատմել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:  

Պտղի եւ փոխնակ մոր գենետիկական կապի հարցը, ինչպես նաեւ այս ոլորտի այլ հարցեր են այսօր քննարկել Հայաստանի, Ֆրանսիայի եւ Վրաստանի բժիշկները եւ իրավաբանները Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի, ՀՀ Փաստաբանական դպրոցի եւ Հայաստանում եւ Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատների աջակցությամբ գործող Հայաստանի Իրավաբանական դպրոցի կազմակերպած միջազգային համաժողովին: 

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, այս համաժողովը շատ կարեւոր է, որովհետեւ տարբեր երկրների մասնագետներին հնարավորություն կտա քննարկել փոխնակ մայրության ինչպես իրավական, այնպես էլ բժշկական կողմերին վերաբերող տարբեր խնդիրներ եւ իմանալ, թե տարբեր խնդիրներն ինչպես են լուծվում տարբեր մշակույթներ ունեցող երկրներում: 

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի Ֆրանսիական համալսարանի Իրավաբանության ամբիոնի վարիչ Նորա Սարգսյանը, երիտասարդ իրավաբանների մեծամասնությունը ներկայումս հետաքրքրվում է իրավունքի ավանդական ճյուղերով` քաղաքացիական իրավունքով, քրեականով եւ այլն: Իսկ բուժական իրավունքը հազվադեպ է մեծ ուշադրության արժանանում, չնայած այդ ոլորտում բազմաթիվ խնդիրների եւ հարցերի առկայությանը, որոնք պիտի լուծվեն. Հայաստանում բավականին քիչ են իրավաբանները, որոնք մասնագիտացած են բժշկական իրավունքում:  

Հայաստանում փոխնակ մայրության ոլորտում ի՞նչ խնդիրներ կան: Ինչպես նշել է Նորա Սարգսյանը, հարցերը շատ են: Օրինակ` արդյո՞ք Հայաստանում որեւէ ինստիտուտ պիտի լինի:  Ո՞վ կարող է օգտվել նրանց ծառայություններից. միայն Հայաստանի  քաղաքացինե՞րը, թե՞ օտարերկրյա քաղաքացիները եւս:  Փոխնակ մայրը երեխայի նկատմամբ ի՞նչ իրավունքներ ունի:  Եթե խնդիր է առաջանում, նա կարո՞ղ է հրաժարվել երեխային հանձնելուց:  Ինչպե՞ս են կարգավորվում երեխայի եւ կենսաբանական ծնողների միջեւ խնդիրները:   Այս հարցերից որոշները կարգավորվում են Հայաստանում գործող օրենքով, որոշները` դեռ ոչ: Հենց այդ պատճառով գիտաժողովի նպատակն է հասկանալ, թե մեզ մոտ ինչն է ճիշտ արվում, ինչը` ոչ, այլ երկրներից մասնագետների հետ կարծիքների եւ փորձի փոխանակում կատարել եւ հասկանալ, թե հնարավոր է արդյոք ակտուալ հարցերից որոշների համար ավելի հաջող լուծումներ գտնել: