Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 230 մարդ, որից 177-ը` մինչեւ 18 տարեկան։ Դուրս գրված եւս 120 հիվանդի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 36-ը` երեխաներ։

Ինչպես հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, վերջին օրերի ընթացքում հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների եւ գրիպի մշտադիտարկման արդյունքներով իրավիճակը կայուն է։ Հիվանդացության ցուցանիշները, ինչպես նաեւ ծանր դեպքերը նվազման միտում ունեն: Մասնավորապես, հղիների եւ երեխաների շրջանում ծանր դեպքեր չկան։

Շարունակվում են բոլոր կանխարգելիչ եւ բուժական գործողությունները: Ինչպես տեղեկացրել ենք, ստեղծված կայուն վիճակը պահպանելու նպատակով` հաշվի առնելով վարակի տարածման գործում լայնածավալ շփումների սահմանափակման կանխարգելիչ մեծ նշանակությունը` ՀՀ վարչապետի հանձնարարությամբ առողջապահության նախարարությունը հանդես է եկել հանրակրթական, նախնական եւ միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ձմեռային արձակուրդները եւս մեկ շաբաթով երկարաձգելու առաջարկով։