Սոցիալական հոգեբանները փորձում են պատասխանել այն հարցին, թե արդյոք երեխաները մարդկանց երջանկացնո՞ւմ են, քանի որ հետազոտողներն առանձնակի տարբերություն չեն գտել երեխա ունեցող եւ չունեցող մարդկանց երջանկության միջեւ:

«Ընդհանուր առմամբ, տարբերությունը մեծ չէ երեխա ունեցող եւ չունեցող մարդկանց միջեւ, բայց ավելի մանրակրկիտ մոտեցման դեպքում երեւում է, որ որոշ տարբերություններ լինում են»,- ասում է Քալիֆորնիայի համալսարանում հոգեբանության ոլորտում դոկտորանտ Քեթի Նելսոնը:

Նա եւ նրա գործընկերները պարզել են, որ եթե մարդիկ ծնող են դառնում ավելի մեծ տարիքում, դա երջանկության գործոն է, ինչպես եւ (ինչը զարմանալի չէ) ֆինանսական բարեկեցությունը, հաղորդում է Fox News-ը։ 

Երեխա ունեցող եւ չունեցող մարդկանց համեմատող տարբեր հետազոտությունները տարբեր ժամանակներում տարբեր եզրակացության են եկել՝ որ երեխաները ծնողներին երջանկացնում են, որ երեխաները մարդկանց դարձնում են պակաս գոհ իրենց ամուսնությունից, որ ծնողները պակաս երջանիկ են, բայց չեն խոստովանում:

2013-ի հունվարին Psychological Science ամսագրում հրապարակված հոդվածում Նելսոնն ու նրա գործընկերները պնդում են, որ միջինում ծնողները միայն մի քիչ ավելի երջանիկ են եղել, քան երեխա չունեցողները: Արդյունքները ստացվել են ըստ նրա, թե մարդիկ ինչպես են գնահատում իրենց կյանքը, ինչպես են իրենց զգում ամեն օր, եւ ինչ են նախընտրում անել իրենց ժամանակի հետ (ծնողները կենսագործունեության այլ տիպերի համեմատ՝ առավելագույն հաճույք են ստացել իրենց երեխաների մասին հոգալուց):

Բայց այդ տարբերություններն աննշան են եղել, ուստի գիտնականները դիմել են նախորդ հետազոտություններին՝ պարզելու համար, թե որն է երջանիկ եւ դժբախտ ծնողների տարբերությունը: Նրանք ուսումնասիրել են հետազոտությունները, որոնք համեմատել են երեխա ունեցող եւ չունեցող մարդկանց:

«Հոգեբանական Տեղեկագիր» պարբերականում հրապարակված արդյունքները ցույց են տվել, որ երջանիկ ամուսնությունը, բանկային հաշիվը եւ լավ քնելը երջանկացնում են մայրերին եւ հայրերին: Միայնակ երիտասարդները, ինչպես նաեւ զարգացման հետ կապված խնդիրներով երեխա ունեցող մարդիկ եւ ծնողական իրավունքից զրկված ծնողները պակաս երջանիկ են եղել, քան լիարժեք ծնողները՝ չնայած առանց բացառության բոլոր ծնողները, նույնիսկ երիտասարդները եւ միայնակներն ասել են, որ կյանքում ավելի մեծ իմաստ եւ նպատակ ունեն, քան  երեխա չունեցող մարդիկ: