Սիերա Լեոնեում Էբոլա վիրուսով վարակվելու երկու նոր դեպքերը տենդի երկրորդ սերունդն են, որի դեմ ներկայում պատվաստում գոյություն չունի: Այս մասին հունվարի 22-ին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ Էբոլայի հարցով հատուկ ներկայացուցիչ Բրյուս Էյլվարդը:

«Սա երկրորդ սերունդն է: Հարցն այն է, արդյո՞ք երրորդ սերունդը կլինի: Երկրորդ սերունդն անկառավարելի է»,- պարզաբանել է նա:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, մինչ այդ՝ հունվարի 21-ին, ԱՀԿ-ն հաստատել էր այս վիրուսով վարակվելու երկրորդ դեպքը Սիերա Լեոնեում, որտեղ անցյալ տարվա նոյեմբերին հայտարարվել էր տենդի տարածումը կանխելու մասին: Հիվանդությունն ախտորոշվել է 38-ամյա կնոջ մոտ, ով խնամում էր վիրուսի հետեւանքով վերջերս մահացած ազգականուհուն:

Էբոլա տենդի համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում սկսվել է 2014 թվականի փետրվարին, Գվինեայում: Այնուհետեւ այն դուրս է եկել երկրի սահմաններից՝ տարածվելով Լիբերիայում, Սիերա Լեոնեում, Նիգերիայում, Սենեգալում եւ Մալիում: Հիվանդության դեպքեր են արձանագրվել նաեւ եվրոպական մի շարք երկրներում եւ ԱՄՆ-ում: Այս ընթացքում ավելի քան 30 հազար մարդ է վարակվել, 12 հազար հոգի մահացել է: