Լիբիայից Դանիա եկած փախստականների մոտ դիֆտերիայի երկու դեպք են հայտնաբերել` վարակներ, որոնք այդ երկրում վերջին անգամ գրանցվել էին 1998-ին, տեղեկացնում է The Local-ը:
Դանիայի պետական շիճուկաբանական ինստիտուտի տնօրեն Կուրտ Ֆուրստեդը հայտնել է, որ վարակը մեծ վտանգ է ներկայացնում չպատվաստված մարդկանց համար: Ինստիտուտը երկրի հիվանդանոցներին զգուշացրել է երկիր դիֆտերիայի վերադարձի մասին, ինչպես նաեւ այն մասին, որ ներգաղթյալների շրջանում տուբերկուլյոզի եւ մալարիայի դեպքեր են հայտնաբերվել:
Բժիշկները նաեւ զգուշանում են խոզի գրիպի Եվրոպա ներթափանցումից, որին Իրանում եւ Թուրքիայում զոհ է գնացել արդեն ավելի քան հարյուր մարդ:
Ի տարբերություն շատ այլ եվրոպական երկրների, Դանիայում երկիր մտնող փախստականներին հետազոտում են` հնարավոր վտանգավոր հիվանդությունները հայտնաբերելու նպատակով: Ֆուրստեդի խոսքով, այժմ այդ քաղաքականությունը կարող է փոխվել:
Նշվում է նաեւ, որ փախստականները կարող են տեղական վարակների զոհ դառնալ, որոնց դեմ նրանք, ի տարբերություն պատվաստված տեղի բնակչության, իմունիտետ չունեն: Հակառակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հանձնարարականներին, Դանիան չի պատվաստում երկիր մտնող ներգաղթյալներին:
Առայժմ վերաբնակիչների պարտադիր պատվաստման մասին Առողջության համաշխարհային կազմակերպության հանձնարարականներին ամբողջությամբ հետեւել են միայն Գերմանիան, Նորվեգիան եւ Նիդերլանդները:






