Ճապոնական Panasonic ընկերության եւ Կիոտոյի համալսարանի մասնագետների կողմից նորարարական սենսորային տեխնոլոգիա է մշակվել, որը հնարավորություն է տալիս հեռավորության վրա չափել սրտի զարկերը: Հետազոտողները հայտնել են, որ նոր ոչ կոնտակտային մեթոդն իր ճշգրտությամբ չի զիջում ավանդական էլեկտրոկարդիոգրամմային:
Նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա սրտի ակտիվության «ամենօրյա դիտարկում» կազմակերպել: Միաժամանակ մարդը կշարունակի ապրել սովորական կյանքով, իսկ համակարգն աննկատ կհետեւի նրա ներքին ռիթմերին:
«Բազմաթիվ լարերով ու սենսորներով բժշկական ավանդական սարքավորումների օգտագործումը հիվանդի մոտ կարող է սթրես եւ հուզմունք առաջ բերել: Մենք փորձել ենք սկզբունքորեն նոր մեթոդ ստեղծել, որը թույլ է տալիս ավելի բնական եւ անկաշկանդ մթնոլորտում վերահսկել օրգանիզմի աշխատանքը», — այդ տեխնոլոգիայի առավելությունների մասին է պատմում Panasonic ընկերության հետազոտող-ինժեներ Հիրոյուկի Սակաին:
Panasonic-ի եւ Կիոտոյի համալսարանի առաջարկած մեխանիզմի հիմքում ընդլայնված սպեկտրի միլիմետրային ռադարի տեխնոլոգիան է: Այն ի վիճակի է հայտնաբերել ազդանշանների քաոտիկ խումբը, որն արձակում է յուրաքանչյուր մարդ: Հատուկ ալգորիթմն ընդհանուր «աղմուկից» առանձնացնում է անհրաժեշտ ազդանշանները (սրտի զարկեր) եւ մշակում է դրանք:
Կիոտոյի համալսարանի պրոֆեսոր Տորու Սատոն, որը մասնագիտացած է հաղորդակցության եւ համակարգչային ինժեներիայի ոլորտում, հավելել է. «Սրտի զարկերը միակ բանը չեն, որ արձանագրում է մեր ռադարը: Մարդկային մարմինն ամեն վայրկյան ամենատարբեր ազդանշաններ է ուղարկում, այն շնչում է, շարժվում: Դա իսկական «տեղեկատվական ապուր է»: Մեր ալգորիթմը զատում է ամեն աննշանը` կենտրոնանալով սրտի զարկերը բնութագրող ալիքների վրա եւ հաշվարկում է կրճատումների հաճախությունը»:
Սարքի երկարությունը մոտ 50 սմ է (20 դյույմ), սակայն Panasonic-ի ինժեներները նախատեսել են լրամշակել նախատիպը` այն ավելի կոմպակտ դարձնելով:






