Երբ Դուք երկու ժամ սպասում եք Ձեր բժշկին, իսկ նա մտնում է աշխատասենյակ, թեստ է պատվիրում, դեղատոմս դուրս գրում եւ Ձեզ տուն ուղարկում, Դուք շփոթվում եք, որովհետեւ չեք կարողանում նույնիսկ հարց տալ:

Նման բան թույլ չտաք, խորհուրդ է տալիս Քլիվլենդի կլինիկան: Դա հիվանդներին բուժելու վատագույն ձեւն է:

Դուք իրավունքներ ունեք, եւ դա առաջին հերթին սեփական բուժմանը մասնակցելու իրավունքն է, ոչ թե պասիվ հիվանդի կարգավիճակում մնալը:

Ձեր բժիշկը պետք է ոչ թե պարզապես դասախոսություններ կարդա նիհարելու, ծխելը թողնելու կամ կենսակերպում որեւէ այլ փոփոխություն անելու մասին: Նա պետք է փորձի հասկանալ՝ Դուք պատրա՞ստ եք նիհարել, ծխախոտից հրաժարվել: Առանց սրա հաջողությունը քիչ հավանական է:

Եթե Դուք ասում եք, որ ուզում եք երկրորդ կարծիք իմանալ, իսկ Ձեր բժիշկը խուսափում է, դա այնքան էլ լավ նշան չէ: Դուք երկրորդ կարծիքի իրավունք ունեք:

Բժիշկը պետք է հասկանա, որ Դուք ավելի լավ գիտեք սեփական մարմինը եւ սեփական կյանքը եւ Դուք պետք է ցանկացած որոշման մասնակցեք: Եթե Ձեր բժիշկը նշանակում է հետազոտություն, որն անելը  Ձեզ համար հաճելի չէ, խոսեք այդ մասին, մինչեւ Ձեզ համար պարզեք հետեւանքները: Եթե Ձեր բժիշկն անհասկանալի բուժում է նշանակում, հարցեր տվեք, մինչեւ ամեն բան հասկանաք:

Բժիշկն ու նրա թիմը պետք է Ձեզ համբերատար լսեն, չշտապեցնեն ու չընդհատեն:

Լավ բժիշկը պետք է իմանա, թե բացի առողջության հետ կապված խնդրից՝ ինչ է կատարվում Ձեզ հետ: Երբ նա անձնական կյանքի մասին ամեն ինչ հարցնում է, դա պարզապես զրույց չէ: Ընկճախտի, ընտանեկան խնդիրների եւ սթրեսային գործոնների մասին իմանալը կարեւոր է: Այդ ամենը կարող է ազդել Ձեր առողջության վրա: Բժշկությունը միայն ընդունելության օրը Ձեր ախտանիշերը չեն:

Բժիշկները պետք է ուշադրություն դարձնեն Ձեր ֆինանսական վիճակին, ապահովագրությանը, որպեսզի Դուք չկուտակեք պարտքեր, որոնք չեք կարող Ձեզ թույլ տալ: Եթե Ձեզ հետաքրքրում է՝ Ձեր ապահովագրությունը ծածկո՞ւմ է բուժման ծախսերը կամ արդյոք անհրաժե՞շտ է տվյալ բուժումը կամ հետազոտությունը, մի վախեցեք հարցնել:

Բժիշկը միշտ պետք է ժամանակ գտնի բժշկական տերմինները բացատրելու համար, ասելու՝ դրանք Ձեր բուժմանը եւ հիվանդությանը վերաբերո՞ւմ են, թե՞ ոչ եւ այլն: Եթե դեռ չեք հասկացել, հարցրեք այնքան, մինչեւ հասկանաք:

Երբ խոսքը Ձեր բուժման մասին է, ոչ մի գաղտնիք չպետք է լինի: Ձեր բժիշկն ու նրա թիմը պետք է տեղեկացնեն, թե Ձեր բուժմանը վերաբերող ամեն մանրուքը որքան կարժենա: Բժիշկը պետք է անկեղծորեն ասի, թե ինչպես է պատրաստվում բուժել Ձեզ եւ ինչպիսին է յուրաքանչյուր բուժման հաջողության եւ ռիսկի հարաբերակցությունը: