Գլխացավը, հարբուխը եւ արցունքոտվող աչքերը ձմռանը կարող են ոչ միայն մրսածության, այլեւ ցրտի… նկատմամբ ալերգիայի նշան լինել: Նման ալերգիան իրոք գոյություն ունի, պնդում են բժիշկները: 

Ցուրտ եղանակը հաճախ վատացնում է խրոնիկական այնպիսի հիվանդություններ ունեցող մարդկանց վիճակը, ինչպիսիք են ասթման, հոդացավը, անգինան եւ արյան շրջանառության խանգարումները:  Ձմռանը ոմանց մոտ ի հայտ են գալիս նոր ախտանիշներ, որոնք բնորոշ չեն նրանց խրոնիկական հիվանդությանը, ինչպես օրինակ հարբուխը, այտուցները, մաշկի ցանը, արցունքոտվող աչքերը, առանց պատճառի գլխապտույտը եւ գլխացավը: Դրանք կարող են ցրտի նկատմամբ ծայրաստիճան հազվագյուտ ալերգիայի նշաններ լինել:  

Նման ալերգիա ունեցող մարդկանց օրգանիզմում ցուրտ եղանակին ի պատասխան սկսում է գիստամին քիմիական նյութն արտադրվել. հենց դա էլ տարբեր ալերգիկ ռեակցիաներ է առաջ բերում: Հենց այդ պատճառով ցրտի նկատմամբ ալերգիայի բուժման համար հակագիստամինային դեղամիջոցներ են անհրաժեշտ, ինչպես նաեւ ալերգիայի այլ տարատեսակների դեպքում: 

Մյուս կողմից, նման ալերգիա ախտորոշելը հեշտ չէ, չէ՞ որ փոշու, կենդանիների, որոշ սննդամթերքի նկատմամբ ալերգիան անհամեմատ ավելի հաճախ է հանդիպում, քան ցրտի հանդեպ ալերգիան: Իմիջիայլոց, հետաքրքիր է, որ արեւմտյան լրատվամիջոցների տվյալների համաձայն, ցրտի հանդեպ ալերգիան առավել հաճախ հանդիպում է երիտասարդ մարդկանց մոտ, բայց բժիշկներն առայժմ չեն կարողանում բացատրել դրա պատճառը: