2016 թվականի հունվարին հանրապետությունում նկատվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված սեզոնային ակտիվություն: Ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաեւ բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման արդյունքում հանրապետությունում դիտվում է ստացիոնար կազմակերպություններ սուր շնչառական վարակներով եւ թոքաբորբերով հոսպիտալացման կայուն իրավիճակ, ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության եւ շտապ օգնության կանչերի նկատելի նվազում: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Հունվարի 3-րդ շաբաթվա հետ համեմատ հանրապետության բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացումը կայուն է, եւ վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է որոշակի նվազում15,6%-ով:
Իրականացված համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները վկայում են, որ50%-ով նվազելէ հղիների ստացիոնար դիմելիությունը:
Նկատելի նվազում է դիտվում նաեւ սուր շնչառական վարակներով հիվանդների շտապ օգնության դիմելիության: Համեմատելով ընթացիկ տարվա հունվարի 2-րդ շաբաթը 3-րդ շաբաթվա հետ, սուր շնչառական վարակներով պայմանավորվածհիվանդների դիմելիությունը նվազել է 27,2%-ով:
Իրականացված համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները վկայում են, որ սուր շնչառական վարակներով պոլիկլինիկական կազմակերպություններ այցելություններումեւս նկատվում է նվազում՝ 3 անգամ կամ 50% եւ ավելի:
Կարեւորելով վերը նշվածը`կարելի է եզրակացնել, որ վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է գրիպի եւ սուր շնչառական վարակներով հիվանդությունների նվազում:
Սակայն հաշվի առնելով, որ հիվանդության դեպքերի գրեթե 80%-ը մինչեւ 18 տարեկան երեխաներ են, ինչպես նաեւ հիմք ընդունելով եղանակային ցածր ջերմաստիճանը եւ վերջինիս նվազման միտումը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է լինել զգոն եւ կրկին հիշեցնում է.
- խուսափե´ք գրիպանման երեւույթներով հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք, մնացե´ք տանը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապեւտին կամ ընտանեկան բժշկին եւ մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, եթե դրանք ցուցված չեն բժշկի կողմից,
- հագնվե´ք եղանակին համահունչ,
- պահպանե´ք հազի եւ փռշտալու վարվելակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- հետեւե´ք անձնական հիգիենային:






