Ոմանք Neti pot կոչվող քթով ամանն օգտագործում են քթի փակվածությունն անցկացնելու համար: Դա փոքր թեյնիկ է, որը լցնում են հեղուկով, հետո քթուղիները բացելու համար թեյնիկի քթի մասը դնում քթանցքի մեջ:
Այն հաճախ օգտագործում են ալերգիաների եւ մրսածության ժամանակ քթուղիները բացելու համար: Վիրաբուժական վիրահատությունից հետո եւս բժիշկները կարող են Neti pot-ով եւ բժշկական լուծույթներով քթուղիների լվացում նշանակել:
Չնայած շատ բժիշկներ խորհուրդ են տալիս Neti pot օգտագործել՝ դա պետք է անել զգուշությամբ.
Մի՛ օգտագործեք ծորակի ջուր:
Օգտագործեք սենյակային ջերմաստիճանի թորած, ֆիլտրած եւ եռացրած ջուր:
«Քթի լվացումը կարող է կողմնակի ազդեցություններ ունենալ»,- ասում է բժշկական գիտությունների դոկտոր Ռաջ Սինդվանին՝ Քլիվլենդի կլինիկայի քթաբուժության բաժանմունքի ղեկավարը:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները խորհուրդ են տալիս ձեռնարկել նախազգուշական հետեւյալ միջոցներից գոնե մեկը վարակի ռիսկը նվազեցնելու համար։
Օգտագործեք ջուր, որը մեկ րոպե եռացել, հետո սառել է:
Օգտագործեք ջրային միկրոբների ոչնչացման համար նախատեսված NSF 53 կամ NSF 58 ֆիլտր:
Գնեք ջուր, որի պիտակի վրա նշված է, որ այն թորած կամ ախտահանված է:
Իմացեք՝ ինչպես ճիշտ ախտահանել ջուրը, որպեսզի այն անվտանգ լինի: Որպես ախտահանող միջոց կարելի է օգտագործել քլոր սպիտակեցնող նյութը:
Շատ կարեւոր է նաեւ լավ մաքրել Neti թեյնիկը՝ վարակներից խուսափելու համար: Ամեն օգտագործումից հետո սարքը լվացեք խմելու ջրով եւ թողեք բաց վիճակում լրիվ չորանա:
«Ես նաեւ խորհուրդ եմ տալիս Neti pot-ն ամեն օր մաքրել տաք ջրով եւ հակաբակտերիալ օճառով»,- ասում է բժիշկ Սինդվանին:
Բացի դրանից՝ պետք է պարբերաբար փոխել այն: Մի քանի ամիսը մեկ նորը գնեք, հատկապես եթե Neti pot-ը պարբերաբար եք օգտագործում:
Մարդիկ երբեք չպետք է սառը լուծույթն օգտագործեն քթի անցուղիների համար, մասնավորապես նրանք, ովքեր քթի անցուղիները լվանում են խոռոչի վիրահատությունից հետո:
«Մեր նշանակած լուծույթներից որոշները պահվում են սառնարանում,- ասում է բժիշկ Սինդվանին:- Մենք հիվանդներին նախազգուշացնում ենք, որ լուծույթը պետք է օգտագործելուց առաջ սենյակային ջերմաստիճանի լինի»:






