ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի հունվարի 13-ի թիվ 44-Ա հրամանով՝ սեզոնային գրիպի դեպքերի թվաքանակի ավելացման ժամանակահատվածում բնակչության բոլոր խմբերի համար հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիությունն ու մատչելիությունն ապահովելու, ինչպես նաեւ դիմելիությունը բարձրացնելու նպատակով սահմանվել է, որ 2016 թվականի հունվարի 1–ից մինչեւ հունվարի 20–ն ընկած ժամանակահատվածում հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում պահանջող, գրիպի վարակի հետեւանքով առաջացած բարդությունների կապակցությամբ հոսպիտալացված Հայաստանի Հանրապետության բնակչության բոլոր սոցիալական եւ տարիքային խմբերին պատկանող անձանց համար ստացիոնար բուժման փոխհատուցումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում:

ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ հունվարի 1–ից մինչեւ հունվարի 20–ն ընկած ժամանակահատվածում գրիպի բարդություններով ստացիոնար բուժօգնության է դիմել շուրջ 2500 քաղաքացի, որոնց անհրաժեշտ հիվանդանոցային բուժօգնությունը ցուցաբերվել է պետական պատվերի շրջանակներում: Նրանցից ավելի քան 800-ի բուժօգնությունը կազմակերպվել է ՀՀ առողջապահության նախարարի նշված հրամանի հիման վրա:

Տոնական օրերին հաջորդող աշխատանքային օրերին ողջ ծավալով վերսկսել է աշխատել ամբուլատոր-պոլիկլինիկական օղակը: Արդյունքում, չբարդացած ախտորոշմամբ, հիվանդության նախնական փուլում գտնվող քաղաքացիները բժշկական օգնություն եւ դեղեր ստացել են առաջնային օղակում:

Նկատի ունենալով, որ հունվարի 20-ից հետո արձանագրվել է սեզոնային գրիպի եւ սուր շնչառական վարակների դեպքերի նվազման միտում, ներկայումս անվճար բուժօգնություն կարող են ստանալ ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N318-Ն որոշման հավելված 1-ով սահմանված` բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված քաղաքացիները, ինչպես նաեւ անհետաձգելի բուժօգնություն պահանջող` ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի N65-Ն հրամանով հաստատված հիվանդությունների եւ վիճակների ցանկերում ընդգրկված ախտորոշումներով անձինք:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ, համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N318-Ն որոշման` անհրաժեշտության դեպքում, ելնելով սոցիալական եւ բժշկական ցուցումներից, ՀՀ մարզպետարանները եւ Երեւանի քաղաքապետարանը, ինչպես նաեւ պետական պատվեր իրականացնող հիվանդանոցային բժշկական կազմակերպությունները իրավասու են իրենց լիազորությունների սահմաններում (պետական պատվերի համապատասխան ծրագրերի պայմանագրային գումարների 5-ական տոկոսների շրջանակներում) սոցիալական խմբերում չընդգրկված քաղաքացիներին աջակցել գրիպի եւ սուր շնչառական հիվանդությունների ու դրա բարդությունների ժամանակ պետական պատվերի շրջանակում բուժօգնությունն իրականացնելու հարցում: