Գրիպի ներկայիս տարածումը սեզոնային գործոն է, եւ դրանում ոչ մի անսովոր բան չկա: Այդ մասին Ժնեւում ճեպազրույցին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը:
Պատասխանելով խոզի գրիպով ( А(H1N1) հարուցիչը) բարձր հիվանդացման մասին հարցին, մասնավորապես` Ռուսաստանում, նա ասել է. «H1N1-ը դասվում է գրիպի սեզոնային շտամների շարքում»: «Այդ պատճառով մենք H1N1 գրիպի առանձնահատուկ բռնկում չենք տեսնում, այլ տեսնում ենք սեզոնային գրիպ, որը տարվա այս եղանակին Ռուսաստանի համար անսովոր երեւույթ չէ», - ասել է նա: «Իհարկե, պիտի սովորական միջոցներ ձեռք առնվեն, բայց սա H1N1-ի անսովոր բռնկում չէ», - ամփոփել է Լանդմայերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Մոսկվայի գլխավոր սանիտարական բժիշկ Ելենա Անդրեեւան տեղեկացրել էր, որ Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդացումն արժե գնահատել որպես համաճարակային: Նախնական տվյալների համաձայն, ռուսաստանյան մայրաքաղաքում համաճարակային շեմը գրեթե 38 տոկոսով գերազանցվել է, իսկ Մերձմոսկովյան շրջանում` մոտավորապես 47 տոկոսով: Հունվարի 26-ից Մոսկվայում կարանտին է մտցվել:
Ռուսաստանի Դաշնության գլխավոր սանիտարական բժիշկ Աննա Պոպովան տեղեկացրել է, որ երկրի 47 շրջանում գերազանցվել են հիվանդացման շաբաթական համաճարակաբանական շեմերը, իսկ A/H1N1-ն արդեն 30 ռուսաստանցու կյանք է խլել:
Նշենք, որ Հայաստանի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները եւս անընդհատ պնդում են, թե երկրում համաճարակ չկա եւ որ ԱՀԿ-ն H1N1-ն դասում է գրիպի սեզոնային շտամների թվին: Դպրոցները եւ մանկապարտեզները, այնուամենայնիվ, փակ են, ուժեղացվել է հսկողությունը հիվանդանոցներում եւ սահմանին: Սեզոնի սկզբից ի վեր խոզի գրիպը Հայաստանում 18 կյանք է խլել:






