Հայաստանում քաղցկեղի տարածվածությունը մոտավորապես նույնն է, որքան այլ երկրներում, բայց դրանից մահացությունը բավականին բարձր է: Նման բարձր ցուցանիշի պատճառը կապված է ոչ միայն այն բանի հետ, որ ոչ բոլոր հիվանդները բավականաչափ փող ունեն եւ կարող են իրենց թույլ տալ համապատասխան բուժում անցնել. մեծ դեր են խաղում նաեւ հայերի որոշ մշակութային առանձնահատկություններ:   NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք են հայտնել Ակհիլլա Աննամրեդդին եւ Ջոն Սքոթթը Հարվարդի Հանրային առողջապահության դպրոցից:  

Ինչպես նշել է Ջոն Սքոթը, շատ հայեր (հատկապես տղամարդիկ, որոնք կարծում են, թե անհրաժեշտ է դիմանալ ցավին եւ չի կարելի բողոքել) բժշկի են դիմում ոչ թե որեւէ հիվանդության մտահոգիչ ախտանիշների ի հայտ գալուց անմիջապես հետո, այլ այն ժամանակ միայն, երբ ցավն անտանելի է դառնում եւ իրենց շատ վատ են զգում:  Հաճախ այնպես է ստացվում, որ նրանք չափազանց ուշ են գալիս եւ նրանց արդեն քիչ բանով է հնարավոր օգնել: 

Իհարկե կյանքին եւ հիվանդություններին նման մոտեցմամբ մարդիկ սովորաբար չեն մտածում կանխարգելման մասին եւ չեն կատարում պրոֆիլակտիկ այցեր բժշկին, ինչը հնարավորություն կտար ավելի վաղ փուլում ախտորոշել հիվանդությունը: 

Նման մոտեցումը, Ակհիլլա Աննամրեդդիի կարծիքով, զգալիորեն բարդացնում է բժշկի աշխատանքը եւ բուժման գործընթացը: Ավելին,  աչքաթող արված հիվանդությունների բուժումը հաճախ անհամեմատ ավելի թանկ է նստում, քան այդ նույն հիվանդությունների բուժումը վաղ փուլում, եւ առողջանալու շանսերն էլ զգալիորեն նվազում են: 

Մասնագետների կարծիքով, եթե միջոց գտնվի փոփոխելու հայերի վերաբերմունքը կանխարգելմանը եւ բուժմանը, նրանց հասկացնել, որ բուժվելու փոխարեն հիվանդությանը դիմանալը բոլորովին էլ առնականության նշան չէ, ինչպես նաեւ նրանց շրջանում տեղեկություն տարածել այն մասին, որ ցանկացած հիվանդության բուժումն ավելի հեշտ եւ էժան է, եթե այն հայտնաբերվի վաղ փուլում, քաղցկեղից մահացության հետ կապված իրավիճակը (ինչպես նաեւ շատ այլ հիվանդություններից) կարող է զգալիորեն բարելավվել: Դրանում իրենց դերը կարող են խաղալ նաեւ սքրինինգային ծրագրերը, որոնց արդյունավետ իրականացման դեպքում հնարավոր կլինի ժամանակին ախտորոշել եւ գործուն բուժում իրականացնել: 

Հիշեցնենք, որ այսօր Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանում սքրինինգային ծրագիր է իրականացվում արգանդի վզիկի քաղցկեղի եւ սիրտ-անոթային հիվանդությունների հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով: