Institute of Translational medicine-ի գիտնականները Էնդրյու Ուիքսի գլխավորությամբ, ինչպես նաեւ այլ հետազոտական կազմակերպությունների մասնագետներ 850 000 ֆունտ սթեռլինգի չափով դրամաշնորհ են ստացել հետծննդյան արյունահոսության դեմ պայքարի սարք մշակելու համար:
Հետծննդյան արյունահոսությունը ծննդաբերությունից հետո առաջին 24 ժամվա ընթացքում ի հայտ եկող բարդացումներից է, որի հետեւանքով կինը կարող է ավելի քան 500-1000 մլ արյուն կորցնել: Այդ բարդացումն աշխարհում մայրական մահացության ամենատարածված պատճառներից մեկն է. աշխարհում ծննդկանների մոտ 25 տոկոսը մահանում է հետծննդյան արյունահոսության հետեւանքով:
Պրոֆեսոր Էնդրյու Ուիքսն ու իր գործընկերները հատուկ սարք են մշակել, որը PPH Butterfly անվանումն է ստացել, որը ոչ միայն ի վիճակի է կանգնեցնել հետծննդյան արյունահոսությունը, այլեւ պարզել դրա ի հայտ գալու պատճառը:
Սարքի նախատիպն արդեն ստեղծվել է եւ մոտ ժամանակներս հետազոտողները նախատեսում են շարունակել հետազոտությունները, ինչպես նաեւ հիվանդների վրա փորձարկել սարքի անվտանգությունը: Հենց այդ փորձարկումների իրականացման համար է տրվել դրամաշնորհը:
Վերջերս սարքի մշակման համար Ուիքսն ու իր գործընկերները Հյուսիս-արեւմտյան ափի Առողջապահական գիտական ցանցի Նորարարության մրցանակին էին արժանացել:






