Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վտանգավոր Զիկա հարուցիչի հետեւողական տարածման հետ կապված ահազանգ է հնչեցնում: Ամերիկյան մայրցամաքում այդ հարուցիչի տարածման առաջին դեպքերն արձանագրվել են Բրազիլիայում անցյալ տարվա մայիսին: Այսօր հարուցիչն ակտիվորեն տարածվում է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, ավելին` այդ հարուցիչով վարակման դեպքեր արդեն արձանագրվել են ԱՄՆ-ում եւ Դանիայում:
Բրազիլացի բժիշկների կարծիքով, հարուցիչը, որը փոխանցվում է միջատների խայթոցից, ի թիվս այլ բաների, վտանգավոր է նաեւ նրանով, որ նորածինների մոտ բնածին ծանր արատներ է առաջ բերում:
«Չնայած հղիության ընթացքում Զիկա հարուցիչով վարակվելու եւ միկրոցեֆալիայի միջեւ պատճառահետեւանքային կապը, ընդգծենք, հաստատված չէ, առկա են շատ վտանգավոր կողմնակի նշաններ», – զգուշացրել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանը:
ԱՀԿ-ի մասնագետների կարծիքով, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում հարուցիչի արագ տարածումը կարելի է բացատրել երկու գործոնով. նախ, ամերիկյան մայրցամաքի բնակիչները Զիկա հարուցիչի հանդեպ իմունիտետ չունեն, երկրորդ` հարուցիչը փոխանցողները (դեղնատենդային Aedes aegypti մոծակները) տարածված են տարածաշրջանի բոլոր երկրներում, բացառությամբ Կանադայի եւ Չիլիի:
Վերջերս Զիկա հարուցիչ է հայտնաբերվել Վիրջինիա ամերիկյան նահանգի բնակչի մոտ, որը ճամփորդել էր ԱՄՆ-ի սահմաններից դուրս: Սակայն ամերիկացի բժիշկները պնդում են, որ նահանգի այլ բնակիչների համար այն առանձնահատուկ վտանգ չի ներկայացնում, որովհետեւ այժմ այնտեղ մոծակների տարածման սեզոնը չէ: Մի շարք եվրոպական երկրներում, մասնավորապես` Դանիայում, Շվեյցարիայում եւ Իտալիայում եւս գրանցվել են այդ հարուցիչով վարակման առանձին դեպքեր:
Տվյալ պահին հարուցիչով վարակման միակ կանխարգելումը բժիշկները համարում են մոծակների խայթոցներից պաշտպանվելը եւ մոծակների թրթուռների ոչնչացումը: Մի շարք երկրներում, որտեղ հարուցիչն արդեն տարածվել է, դրա դեմ պայքարի լուրջ միջոցներ են ձեռք առնվում: Բրազիլիայում, օրինակ, հարուցիչի դեմ պայքարի համար բանակի օգնությանն են դիմել: Շատ երկրներում կանանց խորհուրդ են տալիս մոտ ժամանակներս չհղիանալ, քանի դեռ հարուցիչի հետ կապված խնդիրը չի լուծվել:






