ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Զիկա հարուցիչի տարածման դեմ պայքարի նպատակով անհապաղ գործողությունների կոչ է անում: Նրա խոսքով, անհրաժեշտ է արագացնել պատվաստանյութի մշակումը եւ այդ վտանգավոր հարուցիչից բուժումը, տեղեկացնում է  BBC-ն:

«Նախագահն ընդգծել է հետազոտություններն արագացնելու եւ ավելի լավ ախտորոշման թեստեր, պատվաստանյութ եւ բուժման մեթոդներ ստեղծելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ համոզվել, որ ամերիկացիները բավարար տեղեկություններ ունեն Զիկա հարուցիչի մասին», - ասվում է Սպիտակ Տան հայտարարության մեջ: 

Նախագահի մամուլի քարտուղարը եւս ընդգծել է այդ հարուցիչի վերաբերյալ տեղեկությունների տարածման կարեւորությունը, որպեսզի ամերիկացիներն իմանան, թե ինչպես պաշտպանվեն դրանից: 

ԱՀԿ-ի տվյալների համաձայն, ռիսկ կա, որ այդ հարուցիչը շուտով կտարածվի երկու Ամերիկաների ամբողջ տարածքում: Հիվանդության բռնկումներ են գրանցվել   Ասիայի, Աֆրիկայի, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաների եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 21 երկրում:  Վարակի ախտանիշներն են տենդը, կոնյուկտիվիտը եւ գլխացավը: Շատ մասնագետների կարծիքով, հարուցիչը հատկապես վտանգավոր է հղի կանանց եւ նրանց երեխաների համար, որովհետեւ վնասում է վերջիններիս ուղեղը եւ միկրոցեֆալիայի է հանգեցնում: Այդ կապակցությամբ Կենտրոնական եւ Հարավային Ամերիկաներում կանանց խնդրում են հետաձգել հղիությունը:  

Բրազիլիայում, BBC-ի տվյալների համաձայն, այդ հարուցիչով վարակման արդեն  3893 դեպք է գրանցվել (չնայած տարեկան միջինը մոտ 160 մարդ է վարակվում): Վերջերս այդ հարուցիչը հայտնաբերվել էր Դանիայի բնակչի մոտ, որը վերադարձել էր Լատինական Ամերիկա ուղեւորությունից: Վարակման առանձին դեպքեր են գրանցվել Գերմանիայում, Բրիտանիայում եւ Շվեդիայում:  AP գործակալության տվյալներով, հարուցիչը հայտնաբերվել է նաեւ ամերիկյան Վիրջինիա եւ Արկանզաս նահանգների երկու բնակչի մոտ: