27-ամյա Մեթյու Շուրկան 5 տարի շարունակ նույնասեռականությունից «բուժում» է ստացել, որի ընթացքում հայրը եւ հոգեբան-խորհրդատուն նրան արգելում էին շփվել մոր, քույրերի հետ` վստահ, որ հենց նրանցից է նա կանացիություն եւ տղամարդուն ոչ բնորոշ բնավորության գծեր փոխառում:
Մեթյուն 16 տարեկան էր, երբ ծնողներին խոստովանեց, որ տղամարդկանց նկատմամբ հակում ունի: Նրա հայրը որոշեց, որ նա հիվանդ է եւ բուժման կարիք ունի եւ նրան ուղարկեց այսպես կոչված կոնվերսիոն թերապիայի մասնագետների մոտ, որոնք նրա հետ աշխատեցին մինչեւ նրա 21 տարին լրանալը: Բոլոր այդ տարիներին տղան տառապել է` զրկված լինելով սիրելի քույրերի եւ մոր հետ շփումից, որոնք, իմիջիայլոց, բոլորովին հավանություն չէին տալիս նրա «բուժման» գաղափարին:
«Ինձ համար շատ դժվար էր դպրոցից տուն գալ եւ չզրուցել նրանց հետ: Իմ վիճակը «անհարմար» բառով չես բնութագրի», - պատմել է Մեթյուն:
Հոգեբանները, ինչպես եւ տղայի հայրը, վստահ էին, որ նույնասեռականության պատճառը որեւէ հոգեբանական տրամվա է, որը նա տարել է մանուկ հասակում եւ այդ պատճառով հնարավոր կլինի «բուժել» նրան: Նրանց առաջարկած բուժումն իհարկե տառապանքից բացի, ոչինչ չէր տալիս:
Հինգ տարուց Մեթյուն որոշեց դադարեցնել «բուժումը» եւ հաշտվել նրա հետ, որ ինքը նույնասեռական է: 2012-ի հունվարին նա այդ մասին պատմեց ընկերներին, որոնք աջակցեցին նրան: Մեթյուի հայրը եւս ստիպված եղավ համակերպվել տղայի կողմնորոշմանը, եւ այդ ժամանակվանից նրանց հարաբերությունները հարթվել են:
«Ես գիտեմ, որ հայրս սիրում է ինձ եւ ինձ համար լավն էր ուզում», - ասել է Մեթյուն:
Ներկայումս Մեթյուն ակտիվիստ է մի հասարակական կազմակերպությունում, որը կոչ է անում մինչեւ 2019 թվականը վերջ դնել ամեն տեսակ կոնվերսիոն թերապիաներին: Նման թերապիան արդեն արգելել են Կալիֆորնիայում, Նյու Ջերսիում, Իլլինոյսում եւ Օրեգոնում:






