Վերջին տասնօրյակի ընթացքում Հայաստանում դիտվում է հիվանդացության եւ դիմելիության զգալի նվազում` շուրջ 40 տոկոսով: Նվազել է նաեւ շտապօգնության կանչերի թիվը` սուր շնչառական վարակներով պայմանավորված: Դիմելիության զգալի իջեցում է արձանագրվել նաեւ բուժօգնության առաջնային օղակում: Այս մասին ասել է ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ ՀՀ կրթության եւ գիտության, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ Երեւանի շտապօգնության ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված արագ արձագանքման խմբի հերթական խորհրդակցության ժամանակ:
Փետրվարի 1-ից ուսումանական գործընթացը սկսելու կապակցությամբ հանգամանալից քննարկվեցին հանրապետության հանրակրթական, նախնական եւ միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների պատրաստվածության մակարդակը:
Կարեւորվեց Երեւանի եւ մարզերի կրթական եւ նախակրթական հաստատություններում անհրաժեշտ ջերմային ռեժիմի ապահովմանը եւ պահպանմանն ուղղված աշխատանքների իրականացումը:
Հաշվի առնելով հիվանդացության կայունացման եւ նվազման միտումը` ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն առաջարկեց իրականացնել կանխարգելիչ մի շարք միջոցառումներ:
Հիմք ընդունելով ներկայացված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հրահանգը` Արմեն Մուրադյանը հանձնարարեց նախարարության համապատասխան ստորաբաժանումներին պատասխանատու գերատեսչությունների հետ իրականացնել ուսումնական հաստատությունների պատրաստվածության մակարդակի մշտադիտարկում:






